Հակառակորդը Երասխի հատվածում կրակ է բացել նաև հայկական դիրքերի ուղղությամբ

Yeraskh, Ararat Region, Armenia

Ադրբեջանը կրակել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

***

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակել է Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի:

Երեկ՝ հունիսի 13-ին, ադրբեջանական կողմը կրկին թիրախավորված կրակ էր վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին, թե իբր գործարանի շահագործումը շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցություն կունենա: ՀՀ-ն արդեն հայտնել է, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ անհանգստությունը պարզապես նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները:

Միջադեպի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը․ «Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ: Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ ՀՀ-ի հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միմիայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները Հայաստանին պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և վերջինիս անհիմն, անտրամաբանական և կամայական պահանջներին ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հասնելու անընդունելի քաղաքականությունը»։

Մեկնաբանել