Պատմության պահը. 1991թ. սեպտեմբերի 2

Երբ 1991-ի օգոստոսին ձախողվեց հեղաշրջման փորձը Մոսկվայում, Խորհրդային Միության փլուզման գործընթացն ավելի արագացավ: Խորհրդային Միության մի քանի ուժային նախարարներ փորձեցին իշխանությունից հեռացնել երկրի առաջնորդ Միխայիլ Գորբաչովին և կայսրությունըփրկել կործանումից: Խորհրդային բոլոր հանրապետությունների համար արդեն ակնհայտ դարձավ, որ կայսրության դե յուրե գոյությունը շաբաթների ու ամիսների հարց է ընդամենը: Միութենական 15 հանրապետություններից միայն վեցը՝ բալթյան երեք երկրները՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, ինչպես նաև Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը, իրենց անկախությունը հռչակել էին նախքան 1991թ. օգոստոսը: Մյուս ինը հանրապետությունները, այդ թվում Ադրբեջանը, անկախություն հռչակեցին օգոստոսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո միայն: Ադրբեջանը և նրա այն օրերի առաջնորդ Այազ Մութալիբովը հրապարակավ իր աջակցությունն էր հայտնել խռովարարներին՝ ընդդեմ Գորբաչովի և Ռուսաստանի առաջնորդ Բորիս Ելցինի:

Հայաստանը իր անկախությունը հռչակել էր 1990թ. օգոստոսի 23-ին: 1991թ. սեպտեմբերին 21-ին, երբ տեղի ունեցավ Հայաստանի Անկախության հանրաքվեն, այն անցկացվեց Խորհրդային Հայաստանի 30 հազ. քառ. Կմ տարածքի վրա՝ առանց Արցախի: Այսպիսով, 1991թ. Մոսկվայի օգոստոսյան խռովության օրերին Արցախը դե յուրե Հայաստանի մաս չէր, իսկ դե ֆակտո պատերազմի վայր էր հայերի ու ադրբեջանցիների միջև: Պատերազմի այս՝ սկզբնական փուլում առավելությունը ակնհայտորեն Ադրբեջանի կողմն էր: Ճիշտ է, Արցախը որևէ կերպ չէր ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը, սակայն 1990-1991 թթ., հատկապես 1991թ. մայիս-հուլիս ամիսներին, երբ խորհրդային տանկերի ու զինվորների օգնությամբ ադրբեջանական զինված խմբավորումներն ու ոստիկանական ջոկատները ճնշում էին արցախյան դիմադրությունը, Արցախի քաղաքական ղեկավարության մի ստվար հատված կողմ էր Բաքվի հետ քաղաքական բանակցություններ վարելուն՝ դա համարելով չարյաց փոքրագույնը:

Եվ ահա, երբ 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, Արցախին այլ բան չէր մնում, քան նույնպես հռչակել իր անկախությունը:

Ադրբեջանի խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի արտակարգ նստաշրջանում ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման» մասին հռչակագրում առանձին կետ կամ հիշատակում չկար Խորհրդային Ադրբեջանի երկու ինքնավարությունների՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մասին: Հայկական այս երկու շրջաններն էլ Խորհրդային Ադրբեջանին էին կցվել 1921թ.՝ Քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի պայմանավորվածության արդյունքում:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Եթե միութենական հանրապետությունը ցանկանում է դուրս գալ ԽՍՀՄ կազմից, ինչը թույլատրում էր սահմանադրության 72-րդ հոդվածը, ապա ընթացակարգը հանրաքվեն է` ժողովրդական քվեարկությունը:

Հանրաքվե անցկացնելու որոշումը մտնում էր միութենական հանրապետության Գերագույն խորհրդի լիազորությունների շրջանակներում: Այն կարող էր լինել սեփական նախաձեռնությամբ կամ քվեարկության իրավունք ունեցող հանրապետության բնակչության տասը տոկոսի պահանջով: Օրենքի երրորդ հոդվածում ասվում էր. «Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար օկրուգներ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվե անցկացվում է ամեն մի ինքնավարությունում առանձին: Ինքնավար հանրապետությունների ու ինքնավար կազմավորումների ժողովուրդները իրավունք ունեն ինքնուրույն վճռելու Խորհրդային Միության կազմում կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև՝ կարգավորելու սեփական պետական-իրավական կարգավիճակի խնդիրը»:

Խորհրդային Միության փլուզման շրջանում Շահումյանի շրջանը վարչականորեն ԼՂԻՄ կազմում չի եղել, թեև տոկոսային հարաբերակցությամբ ավելի հայկական էր, քան ԼՂԻՄ-ը: Եթե ԼՂԻՄ-ում Խորհրդային Միության վերջին՝ 1989-ի մարդահամարի տվյալներով հայությունը կազմում էր բնակչության ավելի քան 75 տոկոսը, ապա Շահումյանում՝ ավելի քան 82 տոկոսը: Արցախի իշխանությունները այս դեպքում էլ օգտվեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ապրիլի 3-ի օրենքի երրորդ հոդվածից, որում ասվում էր. «Միութենական հանրապետությունում, որի տարածքում կան տվյալ տեղանքում բնակչության մեծամասնությունը կազմող հավաք բնակվող ազգախմբեր, հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս այդ տեղանքներում քվեարկության արդյունքները հաշվարկվում են առանձին»:

Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ:

1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմող որոշ տարածքներ մինչև այսօր ադրբեջանական օկուպացիայի տակ են՝ Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի շրջանի հյուսիսային և Մարտունու շրջանի արևելյան որոշ տարածքներ:

Ճիշտ է, արցախյան շարժումն սկսվել էր Միացումի գաղափարով, սակայն իրողություններն ինչ որ տեղ պարտադրեցին կատարել այլ ընտրություն, որը, տարիների հեռվից դատելով, կարելի է ասել՝ ճիշտ ընտրություն էր: Եթե Արցախը իրեն հռչակեր Հայաստանի մաս, ապա միջազգային հանրության համար դա ընկալելի չէր լինի: Ավելին՝ Հայաստանը անընդհատ դիվանագիտական հարվածներ կստանար:

Մեկնաբանել