Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սաֆարովի արտահանձնումը

Բաքվի և հայ սպայի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին արտահանձնած Բուդապեշտի գործողությունները հակասում են Հարավային Կովկասում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Կարծում ենք, որ Ադրբեջանի, ինչպես նաև Հունգարայի իշխանությունների գործողությունները հակասում են միջազգային մակարդակով, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համաձայնեցված և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերին: Միաժամանակ՝ ակնկալում ենք, որ ստեղծված իրավիճակի համապատասխան գնահատականն ամենամոտ ապագայում կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Լուկաշևիչը:

Հիշեցնենք, որ 2004թ. ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում ընթացող դասընթացի ժամանակ հյուրանոցում գիշերը կացնահարել էր նույն դասընթացին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Օգոստոսի 31-ին Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին: Բաքու ժամանելուն պես նա ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Նույն օրը Հայաստանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին։