Համանախագահները Սաֆարովի արդարացումը «հանցագործության փառաբանում» են որակել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 2-ին և 3-ին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և տարածաշրջանային վերջին զարգացումները:

Համաձայն ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության` համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են օգոստոսի 31-ին Ադրբեջանի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին որոշումը: Սաֆարովը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման 2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար և իր պատիժը կրում էր Բուդապեշտում: Համանախագահներն իրենց մտահոգությունն ու հիասթափությունն են արտահայտել այդ ներման և հանցագործությունը փառաբանելու ցանկացած քայլի կապակցությամբ, ինչը բացասաբար է ազդում բանակցային գործընթացի և կողմերի միջև վստահություն հաստատելու վրա:

Համանախագահները երկու նախարարների հետ հանդիպումներում էլ վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ինչպես նշված է հունիսի 19-ի Լոս Քաբոսի հայտարարության մեջ: Նրանք կշարունակեն կապեր հաստատել երկու կողմերի միջև՝ նվազեցնելու առկա լարվածությունը և նպաստելու խաղաղ բանակցային գործընթացին: