Իրաքյան շուկան բացվում է Հայաստանի գյուղմթերքի համար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է քառօրյա պաշտոնական այցով Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաույեսի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված Իրաքի գյուղատնտեսության նախարար Իզ ադ – Դին Աբդ Ալլահ Հուսայինին. այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքից:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ասել է, որ բնագավառն ունի երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ և անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել առկա հնարավորությունները և անցնել կոնկրետ, գործնական քայլերի: Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է առաջարկել Հայաստանից Իրաք արտահանել թարմ պտուղ-բանջարեղեն, կարտոֆիլ, հանքային և խմելու ջրեր, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ: Իրաքյան կողմի ցանկության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է նաև առաջարկել կենդանի ոչխարների, բրդի, ձկնեղենի արտահանում:

Իրաքի նախարար ադ Հուսայինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իրենք ևս պատրաստակամ են համագործակցություն ծավալել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, որը հնարավորություն կտա բացահայտելու նոր շուկաներ և, որ ամենից կարևորն է, հեռավորության տեսակետից երկրներն ունեն բավականին շահեկան դիրք:

Ադ Հուսայինը ներկայացրել է Իրաքի ներկայիս գյուղատնտեսության վիճակը`փաստելով, որ երկարատև պատերազմներից հետո իրենց տնտեսությունը, մասնավորապես գյուղատնտեսությունը, բավականին թուլացել է և այն վերականգնելու համար պահանջվում են մեծ ջանքեր: «Երկրում վերականգնվում են ոռոգման համակարգերը, կառուցվում են նոր գյուղական բնակավայրեր, գյուղացիներին տրվում են արտոնություններ հողերի վարձակալման, ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն»,- նշել է ադ Հուսայինը: Նա տեղեկացրել է, որ երկրի կառավարության որդեգրած քաղաքականությունը նպատակ ունի ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ և հնարավոր է համարել այս ուղղությամբ համագործակցել և ուսումնասիրել Հայաստանի փորձը:

Ինչպես «Հ1»հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի տաղավարում նշեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Իրաքի հետ համագործակցությունը կարող է լուծել այս տարի բավական մեծ խնդիր մնացող կարտոֆիլի` շուրջ 70 հազար տոննա ավելի բերքի, դեղձի` շուրջ 65 հազար տոննա (նախորդ տարվա 43 հազար տոննայի փոխարեն) բերքի խնդիրները: «Ծավալները շատ մեծ են, և մենք ակտիվորեն ման ենք գալիս լուծումներ»,- նշեց նա: Գյուղնախարարի խոսքով` նաև լոլիկի բերքն է գերազանցել սպասելիքները, իսկ որոշ մթերող գործարանները չեն ցանկացել կազմակերպել մթերում, և իրենք ստիպված են եղել «առանձին խոսել նրանց հետ»:

Մեկնաբանել