Ուկրաինայի ազգայնականներին միջուկային զենք է հարկավոր

Ուկրաինայի ազգայնական «Ուկրաինական ազգային ասամբլեա-Ուկրաինական ժողովրդական ինքնապաշտպանություն» կուսակցությունը, որը մասնակցում է Գերագույն ռադայի՝ այս հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, նախօրեին ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։ Դրանում, ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, առկա է կետ Ուկրաինային միջուկային տերության կարգավիճակ վերադարձնելու մասին։

Նախընտրական ծրագրի շնորհանդեսին հայտարարվել է, որ առանց միջուկային զենքի՝ Ուկրաինան ապագա չունի։ «Որևէ բան անելու համար անհրաժեշտ է ունենալ պետական լծակներ։ Անհրաժեշտ է պահանջել միջուկային կարգավիճակի վերականգնում։ Հարկ է զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը, դա միայն թնդանոթներ չէ, դա տասնյակ հազարավոր աշխատատեղեր է»,- ասել է կուսակցության շտաբի պետ Վալերի Բոբրովիչը։

Ուկրաինան հրաժարվել է միջուկային զենքից ԽՍՀՄ փլուզումից հետո։ 1994թ․ ստորագրվեց Բուդապեշտի հուշագիրը, որը ամրագրեց այդ հրաժարումը՝ միջուկային տերությունների կողմից երկրի սուվերենության ճանաչման երաշխիքի փոխարեն։ Ավելի ուշ Ուկրաինան պարտավորվեց ազատվել բարձր հարստացված ուրանի մնացորդներից։ Այս պարտավորությունը, հանրապետության արտգործնախարարության տվյալներով, կատարվել է մինչև 2012թ․ սկիզբը։

«Ուկրաինական ազգային ասամբլեա-Ուկրաինական ժողովրդական ինքնապաշտպանություն» կուսակցությունը ստեղծել է Յուրի Շուխևիչը (Ուկրաինական ապստամբական բանակի հրամանատար Ռոման Շուխևիչի որդին) 1990-ական թվականների սկզբին։ Նրանում ձևավորվել էին ռազմական միավորումներ, որոնք մասնակցել են տեղական մի շարք կոնֆլիկտներում նախկին ԽՍՀՄ տարածքում։ Կուսակցության առաջնորդը խոստովանել է, մասնավորապես, իր համախոհների մասնակցությունը մարտական գործողություններին Չեչնիայում (նա նշել է, որ «մենք հարգում ենք մեզ և աջակցում ենք այդպիսի ազգայնականներին այլ երկրներում»)։

Սրանից առաջ «Ուկրաինական ազգային ասամբլեա-Ուկրաինական ժողովրդական ինքնապաշտպանությունը» հայտարարել էր «համաուկրաինական մոբիլիզացիա»՝ «Ուկրաինայի պաշտպանության» նպատակով։ Համապատասխան հրամանագիր էր ստորագրել կուսակցության առաջնորդը։ Համաձայն հրամանագրի՝ «Ուկրաինական ազգային ասամբլեա-Ուկրաինական ժողովրդական ինքնապաշտպանության» տեղական կառույցների ղեկավարներին հանձնարարվել էր հավաքագրել 16-50 տարեկան քաղաքացիների, ինչպես նաև կազմակերպել մարզական ճամբարներ երիտասարդների համար։ Մարզումները ճամբարներում շարունակվելու են մինչև ընտրությունները։ «Մոբիլիզացիայի» մասին հրամանագիրը ուղեկցվում էր գործող իշխանությունների քննադատությամբ․ Շուխևիչը Ուկրաինայի ղեկավարությանը մեղադրել էր «տարածքը հանձնելու, եկեղեցուն նվաստացնելու, լեզուն խեղդելու և բանակը ոչնչացնելու» մեջ։