Եգիպտական Թութանհամոն փարավոնը (մ.թ.ա. 1332-1323 թթ.) մահացել է գենետիկ հիվանդությունից: Այսպիսի եզրահանգման է եկել Imperial Colledge լոնդոնյան համալսարանի աշխատակից Հաթեն Աշրաֆյանը, հաղորդում է BBC ռադիոկայանը:
«Ի տարբերություն մյուս մասնագետների՝ ես որոշեցի բժշկական տեսանկյունից նայել ոչ միայն Թութանհամոնին, այլև ամբողջ արքայատանը», – ասել է գիտնականը:
Ըստ Աշրաֆյանի՝ ամենատարօրինակն այն է, որ ուսումնասիրվող ժամանակաշրջանում ամեն հաջորդ փարավոնը մահացել է ավելի շուտ, քան նախորդը, ընդ որում՝ յուրաքանչյուրի մոտ ավելի ու ավելի վառ է արտահայտվել մարմնի դեֆորմացիան, ինչը վկայում է էպիլեպտիկ նոպաներով ու տեսիլքներով ուղեկցվող գենետիկ հիվանդության մասին:
Թութանհամոնի հայրը՝ Ամենհոտեպ 4-րդը (մ.թ.ա 1375-1336 թթ.), հին եգիպտական կրոն է ներմուծել միաստվածությունը՝ ի դեմս արևի աստված Աթոնի, և իրեն հռչակել Էհնաթոն: Աշրաֆյանը պնդում է, որ այս գաղափարը փարավոնի մոտ ծագել է էպիլեպտիկ նոպայի ժամանակ:
Ենթադրաբար՝ Թութանհամոնը փարավոն է դարձել 10 տարեկանում: Հնագետներ Հովարդ Քարթերն ու Ջորջ Քարնարվոնը Թութանհամոնի դամբարանը հայտնաբերել են 90 տարի առաջ Արքաների դաշտավայրում: