ՏԻՄ ընտրությունները Գյումրիում

Այսօր Գյումրիում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ: Ինչպես տեղեկացնում է Asparez.am կայքը, ընտրությունների ժամանակ արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ:

Այսպես` Գյումրիի 34/10 ընտրատեղամասում (Գյումրի համայնքի թիվ 40 դպրոցի շենք /Ֆ. Վերֆելի 4/) թեկնածուներից մեկի մունետիկները շրջում են տնետուն ու մարդկանց առաջարկում իրենց մեքենայով ընտրատեղամաս տանել, եթե իհարկե դեռ չունեն նախընտրած թեկնածու:

Գյումրիի Շիրակացի փողոցում՝ նախկին 10 հարկանու մոտ, նկատվել է ՊԱԶ մակնիշի 45 644 պետհամարանիշով ավտոբուս, որը ընտրակաշառք է բաժանել: Ընտրությունների վերահսկման քաղաքացիական խմբերից մեկին հաջողվել է Բուլվարային թաղամասի մոտ ներս մտնել ավտոբուս, որտեղ հայտնաբերել են Գյումրիի Ավագանու անդամության թեկնածու Մերուժան Գաբոյանի բուկլետները և ընտրողների ցուցակները:

34/34. Գյումրու Երկաթգծի քոլեջի տեղամասում ընտրողներից մեկը չի ցանկացել, որ իր անձնագրում կնիք դրվի, վստահված անձինք թույլ չեն տվել, որ առանց դրոշմելու քվեաթերթիկներ տրամադրեն վերջինիս, ինչից հետո ընտրողը համաձայնել է իր անձնագրում դրոշմակնիք դնելուն, քվեարկել և հեռացել է:

Առավոտվանից Գյումրիում սրընթաց երթևեկում են շուրջ մեկ տասնյակ ՃՈ ավտոմեքենաներ և ոստիկանական այլ մեքենաներ: Տեղեկությունների համաձայն՝ այս մեքենաների առաքելությունը միկրոավտոբուսներով ընտրողներին տեղափոխողների գործը խափանելն է:

Ահազանգ է ստացվել տեղամասերից այն մասին, որ անձնագրերում դրվող դրոշմակնիքների թանաքը ցնդում է, իսկ ԿԸՀ-ից հանձնարարել են անձնագրերը կնքել սովորական թանաքով:

Գյումրիի «Զանգակ» մանկապարտեզում տեղակայված 34-27 ընտրատեղամասում ևս առաջացել են դրոշմակնիքի թանաքի հետ կապված խնդիրներ: Հանձնաժողովի անդամները փորձարկել են նախապես տրամադրված թանաքը, որը ցնդել է. քվեարկությունը անցկացնելու համար բերվել է նոր թանաք:

34/74 ընտրատեղամասից (12 մանկապարտեզ, Լազոյի փողոց) ահազանգեր կան, որ տեղամասի առաջ՝ 50 մետրից ավելի մոտ տարածքում հավաքված երիտասարդների մի խումբ բոլոր մտնողներին կոչ է անում քվեարկել Ավագանու անդամության թեկնածուներից 18 համարի օգտին: Վստահված անձինք առայժմ բանավոր բողոքով դիմել են հանձնաժողովի նախագահին:

Գյումրիի Մուշ-2 թաղամասից Ավագանու անդամության թեկնածուներից մեկը 1000-ական դրամ ընտրակաշառքով ընտրողներ հավաքագրում ու միկրոավտոբուսով տեղափոխում է քվեարկության:

Գյումրու 34-62 ընտրատեղամասում («Վան» ռեստորանի դիմաց գտնվող էլցանցի մասնաճյուղում) 11.30-ին ընտրողների կուտակումներ են առաջացել: Ընտրողների խմբով մտնում են տեղամաս, քվեարկում ու խմբով դուրս են գալիս: Իսկ դրսում սպասում է հաջորդ խումբը…

Գյումրու 39-19 ընտրատեղամասում (թիվ 8 մանկապարտեզում) ընտրողների թիվը 193 է: Ժամը 11:40 -ի դրությամբ ընտրությանը մասնակցած ընտրողների մեծ մասը, չգիտես ինչու, տեսողական խնդիրներ ունի, նրանց ինչ-որ մարդիկ օգնում են մասնակցել քվեարկությանը: Նույն խնդիրն առկա է նաև 34-27 տեղամասում:

Մեկնաբանել