ՏԻՄ ընտրությունները, «մատաղն» ու «ձմռան կարտոշկեն»

Լավ թե վատ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայացան: Ոմանք պնդում են, թե դրանք «կայացել էին» վաղուց, պարզապես կիրակի օրը արդյունքներն ամրագրվեցին քվեարկությամբ: Եվ հենց այդ «քվեարկության» մասին էլ ուզում եմ խոսել:

Այլևս ոչ ոք թող չկասկածի և չչարախոսի , թե տեսեք-տեսեք մեզ մոտ ընտրակաշառքով ձայն են գնում: Կիրակի օրն էլ որոշ տեղերում ընտրակաշառք՝ փողի տեսքով, բաժանվել է, բայց եկեք պայմանավորվենք, որ դրանց էլ ընտրակաշառք չանվանենք: Չկա նման բան: Իրոք: Դա մաղարիչ է կամ մատաղի պես մի բան, որից հրաժարվելը անշնորհքություն կլինի:

Առնվազն չուզողություն է, երբ ոմանք կոչ են անում ընտրակաշաք չվերցնել: Ինչո՞ւ, սիրելիներս, ինչո՞ւ եք այդքան չարացած: Այդ ո՞ւմ, հենց այնպես փող տան, չվերցնի: Հո խելագար չե՞ն, որ մերժեն: Մարդիկ, տվյալ դեպքում ընտրողները, շատ լավ ընկալել են իրականությունը և վստահ են՝ գնան ընտրության, թե չգնան, թեկնածուն, ում «դաբրոն» արդեն տրված է, ընտրվելու է: Մնացած գործողությունները ընդամենը արդար ընտրությունների համար շղարշ են: Ծեծ-ծեծկռտուք, ահաբեկում, կրակոցներ, մարզպետական հայհոյանքներ և այլն: Վերջում բոլորն էլ, կուշտ, բավարարված և երջանիկ են լինում, բացի հասարակ ժողովրդից: Հետևաբար ժողովուրդն էլ ընտրել է իր գոյատևելու ճանապարհը՝ «նաղդ տվեք, աչքս տեսնի» սկզբունքից ելնելով : Թքած, որ այդ «նաղդը» ընդամենը մեկ օրվա բորշի փող է, բայց կարող էր այդ բորշն էլ չլինել, չէ՞: Իսկ վաղը, ով էլ որ ընտրվի, միևնույն է, ժողովուրդը էլի գնալու է խանութ և խանութպանի պարտքացուցակում ավելացնելու է «նիսիայով» տրվող ապրանքների իր պարտքահաշիվը: Ի դեպ, այդ պարտքահաշիվը միշտ եղել է՝ թե՛ Լևոնի օրոք, թե՛ Քոչարյանի և թե՛ ներկայիս նախագահի օրոք կա: Գումարներն են տարբեր: Մեկի ժամանակ մի քիչ քիչ էր, մյուսների օրոք, հասնում էին և են աստղաբաշխական թվերի:

Գյումրիում ավագանու թեկնածու առաջադրված Վահան Թումասյանը գրում է. «Ընտրությունից ընտրություն պակասում է խելամիտ ու անկախ ընտրողների քանակը` արտագաղթում են հատկապես նրանք: Հասարկության մի հսկա զանգված իրեն կառավարելու ժողովրդավարական մեթոդներից զզվում է, նրանք գիտակցաբար խաբվելուց հաճույք են ստանում` քաջ գիտակցելով, որ 1000-ից 3000 դրամով իրենց ընդամենը տանելու են, ինչպես ասենք՝ փողոցային ամենավերջին մարմնավաճառին, միևնույն է նրանք դրանից գոհ են, որովհետև րոպեական հաճույք են ստանում:

Բայց… բայց այսքանով հանդերձ մենք նրանցից նեղանալու ու երես թեքելու իրավունք չունենք, նրանք մարդ են, հայ են ու առավել ևս՝ մեր համաքաղաքացիներն են: Մենք պարտավոր ենք նրանց փոխելու, մենք պարտավոր ենք նրանց հանդեպ այնպես վարվել, որպեսզի հասկանան, որ փողոցում մարմնավաճառությամբ զբաղվելուց ավելի վեհ բաներ կան կյանքում:

Փորձեք պարոն ավագանու անդամի թեկնածու, փորձը փորձանք չէ: Բոլորն են փորձում: Բայց արի ու տես, որ փորձողներից մեծ մասի մոտ հաջողվում է այնպես անել, որ մարդը՝ տվյալ դեպքում ընտրողը, նախընտրի ոչ թե վեհ բաները, ինչպես դուք եք գրում, այլ այն մյուսը: Որովհետև այլևս երկրի արժեհամակարգն է փոխվել: Փոխել են այնպես, որ կամ ընտրում ես այն մյուսը կամ հեռանում ես երկրից:

Եվ հիմա, ակամա մտածում եմ, որպեսզի նման որակումներ չտամ համաքաղաքցիներիս և նրանց մարմնավաճառ չանվանեմ, գտել եմ լավագույն տարբերակը «այդ գումարը կաշառք չէ, մատաղ է և ինչպես ասում են՝ թող ընդունելի լինի»: Ի՞նչ տարբերություն՝ ով է ընտրվել: Բոլորն էլ նույնն են, մեկը մի քիչ լավ, մյուսը վատ, երրոդը ավելի վատ՝ համարյա փչացած : Եվ մենք ստիպված ենք նրանցից ընտրել՝ համարյա ձմռան պահեստավորած կարտոֆիլի նման: Տապակած կարտոֆիլ պատրաստելու համար մոտենում ես կարտոֆիլով լի պարկին և այնտեղից ընտրում ես համեմատաբար լավին կամ տանելիին, իսկ վատը թողնում ես հետագայում կարտոֆիլի պյուրե պատրաստելու համար: Ոչինչ չես թափում. չէ՞ որ բոլորն էլ քոնն են, քո նեղ օրվա գոյատևման միջոցը:

Առջևում նախագահական ընտրություններն են: Միակ մտածմունքս այն է, որ «մատաղի» չափը մի քիչ բարձրանա, որ խեղճ ընտրողը, այդ օրը, ոչ միայն բորշչ կարողանա ուտել, այլև պարտքացուցակում կուտակված գումարից մի 15-20 հազ. դրամի չափ էլ մարի. չէ՞ որ իր նվիրվածությամբ արժանի է դրան:

Հ.Գ.

Հոգուս խորքում ցանկանում եմ, որ ընտրակաշառքը ավեկլի մեծ թիվ կազմի, հասնի և անցնի հարյուր հազարը, բայց նման դեպքում մտավախություն ունեմ, որ երկրում մարդ չի մնա: Հենց մեծ գումար հայտնվեց ձեռքներին, տոմս կգնեն և կհեռանան: Այնպես որ՝ ավելի լավ է ամեն ինչ՝ ԲՇԿ-ի պետ, թաղային, սանմաքրման վարպետ և այլն… թող դառնա ընտրովի, և այդ առիթով ամիսը մեկ անգամ «մատաղ» բաժանվի:

Մեկնաբանել