Քոչարյանը` Ալիևին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այսօր մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին արած հայտարարությունն այն մասին, թե 2001թ. Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված Վարուժան Կարապետյանին Հայաստանում ներում է շնորհվել:

«Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին:

Տեղեկատվության համաձայն՝ այդ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, թե 2001թ. Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված և նույն թվականին Հայաստանին արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի:

Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, որը 2001թ. ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից և միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության:

Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում:

Այսպիսով, պետք է արձանագրենք, որ, փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, Ադրբեջանի նախագահը կա´մ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կա´մ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել