Դու պատասխանատու ես պետության առաջ, պետությունը քո առաջ` ոչ. դիրիժոր

Նախագահական ընտրություններին ընդառաջ ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, կանխատեսել հնարավոր չէ: Բայց վստահ եմ մի հարցում. փոփոխություն անհրաժեշտ է, քանի որ այսօր առկա համակարգը չի աշխատում. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման հյուրասրահում նշեց դիրիժոր Վարդան Հակոբյանը:

«Դու ունես մշտական պարտավորություններ պետության նկատմամբ, իսկ պետությունը չունի որևէ պարտավորություն քո նկատմամբ: Եթե վատ ճանապարհի պատճառով դու կոտրում ես քո մեքենան, ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս, իսկ եթե դու խախտում ես արագաչափի կանոնը, պիտի վճարես քո աշխատավարձին անհամեմատ մեծ տուգանքը, որը կեռապատկվի, եթե դու այդ ամիս չվճարես` նույնիսկ եթե դու չես վճարում, քանի որ չես ստացել այդ ծանուցումը»,- ասաց նա:

Ըստ նրա` եթե դու ազնիվ քաղաքացի ես, դու մշտապես պարտք ես պետությանը: «Եթե դու պետական աշխատավարձ ստացող մարդ ես ու ունես մի-չորս հոգանոց ընտանիք, ուրեմն պիտի «մի բան» անես… իսկ էդ մի բանը միշտ չի, որ ազնիվ է լինում,- ասաց նա` որպես օրինակ նշելով,- նույնն է, որ առավոտյան երեխայիդ հարյուր դրամ տաս, որ երթուղայինով դասի գնա-գա ու իր մյուս ծախսերն անի` իմանալով, թե հիմա ինչ գներ են: Պարզ է, որ նա որևէ բան պիտի մտածի, «մի բան» անի, որ կարողանա տուն հասնել ու իր օրվա ծախսերն էլ անել»:

Նա կրկնեց իր խորին համոզումը. «Մեր պետությանը պետք չի Վերահսկիչ պալատ. ո՞ւմ են պետք նրա արձանագրած խախտումները, եթե որևէ մեկը պատասխան չի տալիս: Վազգեն Խաչիկյանը, որի խախտումների մասին այդքան խոսվեց, ՀՀԿ է կառուցում: Մենք պարտավոր ենք հարկերը վճարել, էդ հարկերը կուտակվում են բյուջեում, որը վատնվում է: Եթե հարկերը չվճարես, քեզ պատասխանատվության կենթարկեն, իսկ երբ իրենք են գողանում, դու ոչինչ չես կարող պահանջել»,- նշեց նա:

Ըստ Հակոբյանի` մեր պետական կառույցները չկամեցան և չկարողացան արժանավայել դիմավորել սիրիահայերին; «Պատերազմից փախած մեր հայրենակիցները թալանվեցին` նրանց վրա կրկնակի թանկ վաճառվեցին ավիատոմսերը, թանկացան բնակարանները, վարձավճարները: Իսկ ի՞նչ ասաց Թուրքիայի վարչապետը. «Մենք պատրաստ ենք պահել բոլոր հայերին, որ կապաստանեն մեր երկրում»: Սա ավելի մեծ ապտակ էր մեզ, քան Սաֆարովի արտահանձնումը: Հիմա ո՞վ է ավելի բարոյական: Եթե կար Միգրացիայի վարչություն, դա ե՞րբ պիտի արդարացներ իր գոյությունը, եթե ոչ` այս պահին»,- ասաց նա` դիտարկելով, որ համանման իրավիճակ է սպասվում Լիբանանում, և հարկ է, որ մեր իշխանությունները գոնե այժմ սթափ գնահատեն իրադրությունն ու նախապատրաստվեն:

«Սա, թերևս, էն պահն էր, որ Հայաստանը պիտի Սփյուռքին ապացուցեր, որ ինքը միայն մեծապատիվ մուրացկան չէ` փող տվեք ջրագիծ անցկացնեմ, ասֆալտ փռեմ»,- նկատեց նա:

Ըստ Հակոբյանի` քաղաքացին մեղավոր չէ, որ ինքը հուսահատված է, քանի որ ոչ մի կերպ չի կարողանում ապրել այն նվազագույն թոշակով կամ ընտանիք պահել այս աշխատավարձով. դա, իրոք, շատ բարդ խնդիր է: «Ու ավելի լավ է` նա հեռանա երկրից, քան, ինչպես տեսնում ենք ամեն օր, ինքնասպան լինի»,- նշեց նա:

Մեկնաբանել