ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդը գրեթե միաձայն քննադատել է Թեհրանին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը ընդունել է բանաձև, որում Թեհրանին քննադատել է իր միջուկային ծրագիրը դադարեցնելուց հրաժարվելու համար և Իրանի իշխանություններին կոչ է արել համագործակցել գործակալության տեսուչների հետ՝ նրանց տրամադրելով մատչում միջուկային բոլոր օբյեկտների նկատմամբ, հաղորդում է Euronews-ը։

Բանաձևին կողմ է քվեարկել խորհրդի 35 երկրներից 31-ը, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը։ Դեմ է քվեարկել միայն Կուբան։ Էկվադորը, Եգիպտոսը և Թունիսը ձեռնպահ են մնացել։

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն բանաձևը քննադատել է․ «Բանաձևերով Իրանի միջուկային խնդիրը չես լուծի։ Դա միայն բարդացնում է իրավիճակը և սպառնալիք է ստեղծում համագործակցության մթնոլորտին, որի կարիքը մենք ունենք հետագա հետազոտությունների համար»։

Օբյեկտների (որոնց նկատմամբ մատչում է պահանջում ՄԱԳԱՏԷ-ն) թվում է Փարչինի հրաձգարանը՝ Թեհրանից ոչ հեռու։ Վաշինգտոնը վստահեցնում է, որ այնտեղ իրականացվում են միջուկային զենքի նախագծման հետ կապ ունեցող սարքավորումների փորձարկումներ։ Իրանը բոլոր մեղադրանքները հերքում է և շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում։

Մեկնաբանել