Կներկայացվի հոլանդացի գրողի «Արարատ» գիրքը

Սեպտեմբերի 15-ին Մատենադարանի նոր մասնաշենքի գիտական  նիստերի  դահլիճում տեղի կունենա հոլանդացի գրող Ֆրանկ Վեստերմանի «Արարատ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը  կազմակերպվել է Նիդեռլանդների դեսպանության աջակցությամբ՝ Հայաստանի մշակույթի նախարարության հովանու ներքո։ Գիրքը հրատարակվել է  «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք»   ծրագրի շրջանակում։

Վեստերմանի  գրքի առանցքում են Արարատ լեռան, Նոյան տապանի որոնումների մասին հեղինակի մտորումները, ուղեգրություններ։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2007թ. և արդեն  թարգմանվել է մեկ տասնյակից ավել  լեզուներով։ Հոլանդացի մտավորականը, ոգեշնչվելով  բիբլիական  Արարատի կերպարով և  Նոյան տապանի որոնմամբ, եվրոպացի ընթերցողին է ներկայացնում  հնամյա հայ ժողովրդին ու նրա եկեղեցին։ Վեստերմանի «Արարատի» թարգմանիչն է   Վաչագան Ղռաթյանը, խմբագիրը ՝ բանասիրության դոկտոր Հենրիկ Բախչինյանը։ Գրքի շնորհանդեսին կմասնակցեն  հեղինակը  և Հայաստանում  ու Վրաստանում Նիդեռլանդների դեսպան Պիտեր Լանգենբերգը: