Չեխիայում թունդ ոգելից խմիչքների վաճառքի արգելք է սահմանվել

Չեխիայի Հանրապետության իշխանությունները 20% թնդությունը գերազանցող ոգելից խմիչքների վաճառքի անժամկետ արգելք են սահմանել բոլոր առևտրային կետերում, ռեստորաններում և հյուրանոցներում։ Արգելքը հաջորդել է կեղծված ալկոհոլի պատճառով 19 մարդու մահվան դեպքին։

Ցանկացած թունդ ալկոհոլի վաճառքի արգելքը Չեխիայում հարկադրված միջոցառում է վերջին տասը օրերին 19 մարդու՝ կեղծված ոգելից խմիչքի զոհ դառնալուց հետո։ Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Լեոշ Հեգերը, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ արգելքն ուժի մեջ է մտնում անմիջապես երկրի ամբողջ տարածքում և վերաբերում է բոլոր բրենդներին՝ և՛ արտասահմանյան, և՛ տեղական արտադրության։

20% թնդությունը գերազանցող ալկոհոլ վաճառել այժմ չեն կարողանա ո՛չ խանութները, ո՛չ ռեստորանները, ո՛չ բարերը, ո՛չ հյուրանոցները, որոնցում, ինչպես պարզվել է, նույնպես հայտնվում են կեղծված ոգելից խմիչքներ։

Դրանով իսկ իշխանությունները խոստովանել են կրպակներում ու շուկաներում 30% թնդությունը գերազանցող ալկոհոլի վաճառքի՝ երկրում օրեր առաջ արդեն սահմանված արգելքի ոչ բավարար լինելը։ Ինչպես ենթադրում է ոստիկանությունը, հենց ոչ մեծ կրպակներում էժան գնով ձեռք բերված օղու և ռոմի օգտագործումից հետո են մահացել այդ 19 մարդը։ Եվս 30 մարդ հիվանդանոցներում է։ Նրանց մի մասը կորցրել է տեսողությունը, իսկ որոշ հիվանդների ստիպված են եղել արհեստական կոմայի մեջ մտցնել․ նրանց վիճակն այդչափ ծանր է եղել։ Ստուգումը կեղծված ալկոհոլում արդյունաբերական մեթանոլի հետքերի առկայություն է հայտնաբերել։ Իշխանությունների խոսքով՝ սա երկրում ոգելից խմիչքից թունավորման խոշորագույն դեպքն է վերջին 30 տարիներին։

Հետազոտողների կարծիքով՝ տվյալ դեպքում նրանք գործ ունեն կազմակերպված հանցավոր խմբավորման կամ խմբավորումների հետ, որոնք մասնագիտանում են կեղծված ալկոհոլի վաճառքում։ Ընդ որում՝ դեպքերի մեծ մասը տեղ է գտել երկրի հյուսիսարևելյան շրջաններում։ Հետաքննության շրջանակում ներկայում ձերբակալված է տասը մարդ և բռնագրավված է 5 հազ․ լ ոգելից խմիչք։ Սակայն ոստիկանների խոսքով՝ ձերբակալվածների մեջ չկան ղեկավարներ, նրանք միայն շարքային կատարողներ են։

Իշխանությունների սահմանած արգելքն առայժմ չի սահմանափակվում ժամկետներով։ Վաճառողները լիահույս են, որ այն չեղյալ կհայտարարվի մի քանի օրից․ «Եթե այն տևի մի քանի օր, ոչինչ։ Բայց եթե այն ձգձգվի, այդ ժամանակ խնդիրներ կառաջանան»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է ոչ մեծ խանութներից մեկի սեփականատեր Թոնի Նգուենը։ Չեխիայի ոգելից խմիչքների արտադրողների և ներկրողների միության ղեկավար Պետր Պավլիկն ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ միության անդամ բոլոր ընկերությունները, իսկ նրանք զբաղեցնում են Չեխիայի ոգելից խմիչքների շուկայի 81%-ը, միայն որակյալ արտադրանք են արտադրում։ «Մենք կորցնում ենք հարյուր միլիոնավոր կրոն, իրադրությունը պարզապես սարսափելի է»,- ասել է նա։

Մեկնաբանել