Ֆրանսիան հիմա այլ ուժեր են ղեկավարում. Վալերի Պուայե

Մենք պիտի շատ մեծ ջանքեր ներդնենք մոբիլիզացնելու եվրոպական երկրները, կանխելու Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ և Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը. այս մասին «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդմանը նշեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի հեղինակ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Պուայեն:

«Երբ ընդունվեց հրեաների Ցեղասպանությունը ճանաչող օրենքը, անմիջապես ընդունվեց նաև դրա ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս դեպքում, իրոք, գործում են երկակի ստանդարտներ: Սահմանադրական խորհուրդն այսպիսով փաստում է, որ կան տարբեր տեսակի ցեղասպանություններ: Հրեաների ողջակիզումը ժխտելով` դատապարտվում ես, հայերի Ցեղասպանությունը ժխտելով` ոչ»,- նշեց Պուայեն:

Ըստ նրա` Սահմանադրական խորհրդի ոչ նպաստավոր որոշումից հետո վհատվելու կարիք չկա. հարկ է համանման օրինագիծ ներկայացնել խորհրդարան: «Ֆրանսիան հիմա այլ ուժեր են ղեկավարում: Երբ Օլանդը պատրաստվում էր նախագահական ընտրությունների, ասաց, որ ընդունելու է այս օրենքը: Ցավոք, նա Թուրքիայի նկատմամբ այլ մոտեցում ունի, և հենց այսօր ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Մինչև այսօր Ֆրանսիայի կառավարությունը հստակ չի արտահայտել իր դիրքորոշումը Սաֆարովի դեպքի կապակցությամբ, ես անձամբ նամակ եմ գրել արտգործնախարարին և մինչև այսօր պատասխան չեմ ստացել»,- նշեց նա:

Ֆրանսիացի պատգամավորը ևս վստահ է, որ Սաֆարովի դեպքը գործարք էր, որ արժե 3 մլրդ եվրո: «Եվրոպայում, սակայն, շատ մարդիկ դեմ են Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծին, և նրանք դեմ են նաև Սաֆարովին ազատ արձակելու դեմ բողոքի ակցիաներին: Մենք ստիպված էինք անգամ գնել թերթերի էջեր` բացատրել ու հիմնավորել մեր մոտեցումը»,- ասաց նա` սա պայմանավորելով թուրքական լոբբիի որոշակի հաղթանակով: «Շատ ցավալի էր, որ երբ մենք պիտի հավաքվեինք ու բողոքեինք որևէ հարցով` օրինակ, Սաֆարովի հարցով, շատ քիչ էին մարդիկ: Կարող էին ավելի շատ լինել: Չգիտեմ` թե թուրքերը որքան են ծախսել, հավանաբար` բավական շատ: Բայց նրանց համար պարզ եղավ, որ Ֆրանսիայում կան մարդիկ, ովքեր չեն վախենում իրենց դեմ արտահայտվել, որքան էլ իրենք վատ բաներ ասեն այդ երկրի մասին»,- նշեց պատգամավորը:

Պուայեի դիտարկմամբ` ուժերը մոբիլիզացնելով միայն հնարավոր կլինի հասնել հաջողությունների. «Մեր և ձեր հակառակորդներն ունեն մեծ բանակ Բոսֆորում, և իրենց տեսակետն հիմնավորելու համար շատ լուրջ քայլեր են արել: Ես համոզված եմ, որ փողով ամեն ինչ կարելի է անել,- նշեց նա,- և հիմա ըստ իս` երկու խնդրի ունենք: Նախագահ Ալիևն այսօր այցելում է Ֆրանսիա. մենք բողոքի ակցիաներով ենք դիմավորելու նրան, և կփորձենք ներգրավել նաև տարբեր քաղաքական գործիչների: Ալիևի այցելությունը միայն Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ֆրանսիային վերաբերող հարց չէ: Սա մարդու իրավունքների հարց է: Այս թեմայի շուրջ համոզված եմ, կկարողանանք մեծ քանակով ժողովուրդ հավաքել: Եվ երկրորդ` նախագահական ընտրություններն անցել են: Երկու թեկնածուն էլ խոստանում էին ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը: Հիմա պիտի տեսնենք` արդյոք նախագահ Օլանդը կհարգի իր խոստումը»,- ասաց նա:

Պուայեն պատմեց, որ երկու անգամ է եղել Հայաստանում, մի անգամ էլ` Արցախում: Իսկ օրինագիծի ներկայացումից հետո թուրքերի կողմից այնքան մեծ հարձակում է եղել իր և իր ընտանիքի վրա, որ Ֆրանսիայի իշխանությունը ստիպված է եղել հատուկ պաշտպություն նշանակել իր համար: Իսկ Թուրքիայում իրեն ասվել է, որ «անցանկալի անձ» է:

Պատգամավորը հիշեց Ցեղասպանության ժխտումն օրինականցնող օրինագծի պատմությունը. «2001 թ Ֆրանսիայի ԱԺ-ն ու Սենատն ընդունեցին մի օրենք, որով ճանաչում էր Հայոց Ցեղասպանությունը, սակայն դա օրենքի ուժ չուներ, եթե, օրինակ, որևէ մեկը Ֆրանսիայում ժխտեր Հայոց Ցեղասպանությունը: Մենք ցանկացանք, որպեսզի լինի նաև երկրորդ օրենք: Երբ առաջին անգամ ընտրվեցի պատգամավոր, որոշեցի ընդգրկվել Հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության  հանձնաժողովում, և զբաղվել այդ խնդրով: Դա 2007 թվականն էր: Գիտեք, որ Ֆրանսիայի խորհրդարանը երկպալատ է, նախ Ազգային ժողովն է քննարկում և ընդունում որևէ օրինագիծ, հետո այն գնում է Սենատ: Մենք 2001թ սպասում էինք, որ ընդունվի օրենք ժխտողականության քրեականցման մասին, որպեսզի առաջին օրենքն ավելի հաստատուն լինի:

2001թ մարտին Սենատը շրջանառության մեջ դրեց նման մի օրինագիծ, սակայն այն չքննարկվեց: Ֆրանսիացիները նման դեպքում ասում են` երբ դռնից ներս չեն թողնում, պատուհանից են մտնում: Հարցը քննարկեցի Սփյուռքի, մասնավորապես, Մարսելի իմ ընկերների հետ:

Երբ 2011թ հոկտեմբերին նախագահ Սարկոզիի հետ եղա Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, արդեն պատրաստել էի իմ օրինագիծը: Ճամփորդության ընթացքում ես առիթ ունեցա խոսելու նախագահ Սարկոզիի հետ. հիշում եք, որ նախագահ Սարկոզին Երևանում հայտարարեց նման օրինագծի անհրաժեշտության մասին: Նոյեմբերին ինձ զանգահարեցին և ասացին, որ հաջորդ շաբաթ նախագիծս քննարկվելու է Ազգային ժողովում:

Մեզ մոտ հազվադեպ է պատահում, որ պատգամավորի առաջարկած օրենքի նախագիծը ուշադրություն է գրավում, դրա համար անակնկալի եկա. սովորաբար, կառավարությունն է առաջարկություններով հանդես գալիս: Ինձ համար շատ հուզիչ էր նաև, քանի որ այս նախագիծը ոչ միայն տեխնիկական և իրավական էր, այլև` մարդու իրավունքների պաշտպանության բնույթ ուներ»,- ասաց նա` ափսոսանք հայտնելով, որ այն այդպես էլ կասեցվեց:

«Շուտով Ցեղասպանության 100-ամյակն է. մենք պարտավոր ենք գտնել այդ օրենքի ընդունման ճիշտ ճանապարհը: Չմոռանանք, որ եթե սահմանադրական խորհուրդը կանխեց այդ օրենքի վավերացումը, այդ օրենքի շուրջ խոսակցությունները ողջ աշխարհում արդեն իսկ մեծ հաջողություն էին,- ասաց նա,- Ֆրանսիայի քաղաքական գործիչները մեկ այլ պայքար էլ ունեն. որպեսզի եվրոպական երկրները ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը և դատապարտեն դրա ժխտումը: Այսպես մենք ոչ միայն կհիշենք անմեղ զոհերին, այլև`գործնական քայլ կանենք ապրող հայերի խնդիրների առումով: Մտահոգված ենք նաև Արցախի հայերի ճակատագրով. եթե այս օրենքը լիներ, Հունագրիան, թերևս, չհամարձակվեր Սաֆարովին արտահանձնել, Թուրքիան էլ, թերևս, կզսպեր իր ժխտողական քաղաքականությունը»: