Հայաստանը մինչև 2015թ. ամբողջությամբ պետք է անցնի թվայնացման. Գագիկ Բեգլարյան

Հայաստանը մինչև 2015թ. ամբողջությամբ պետք է անցնի թվայնացման: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադան Թուրեի հետ հանդիպմանը Երևանում` ԱՊՀ անդամ պետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի 26-րդ նիստի շրջանակում:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Համադան Թուրեի հետ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ հայ երիտասարդները մեկնելու են գործուղման`թվայնացման ոլորտում առկա խնդիրները վերացնելու համար:

Նախարարն ընդգծել է, որ տարեցտարի զգալիորեն աճում է Կապի տարածաշրջանային համագործակցության դերը միջազգային ասպարեզում, առաջիկայում նախատեսվում են նաև շատ կարևոր միջոցառումներ, որոնցից են 2012թ. նոյեմբերի 20-29-ը և դեկտեմբերի 3-14-ը Դուբայում կայանալիք Էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային վեհաժողովը և Միջազգային էլեկտրակապի համաշխարհային համագումարը:

Լրագրողների հետ զրույցում Համադան Թուրեն նշել է, որ համացանցը մեծ զարգացում է ապրում Հայաստանում, որի համար նշանակություն ունի նաև երկրի աշխարհագրական դիրքը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղրղըզստանի, Կապի տարածաշրջանային համագործակցության Գործադիր կոմիտեի, ինչպես նաև դիտորդ Եվրոպական օպերատորների ասոցիացիայի ներկայացուցիչները:

Մեկնաբանել