Շուշիում անցկացվում է միջազգային գիտական կոնֆերանս

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է հայկական գրատպության 500-ամյակին նվիրված «Շուշին՝ հայկական մշակույթի օջախ» միջազգային գիտական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների. այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքից:

Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանին՝ մեր հանրապետությանը մատուցած ծառայությունների համար:

Նախագահ Սահակյանը գոհունակություն է հայտնել նման միջազգային գիտաժողովը Արցախում՝ հատկապես Շուշիում անցկացնելու կապակցությամբ:

Երկրի ղեկավարը նշել է, որ գիտաժողովի ժամանակ քննարկվող թեմաները կարևոր են տարածաշրջանի պատմության, նրանում Արցախի եւ Շուշիի տեղի ու դերի ուսումնասիրման տեսանկյունից, ինչը մեծ հնարավորություն է տալիս հասկանալու ներկա իրավիճակը և հնարավոր զարգացումները:

Անդրադարձ է կատարվել նաև հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել