Թուրքիան՝ մարտահրավեր BRICS-ին

Ճգնաժամը փոխել է ֆինանսական հոսքերի գլոբալ հունը: Ներկայում փողերն արտահոսում են այնտեղից, դեպի ուր ավելի վաղ ձգտում էին՝ օթևանելով նոր տարածաշրջաններում։ Վերջիններիս թվին կարելի է դասել Թուրքիան, որը դեռ մեկ տասնամյակ առաջ բիզնեսի համար անհեռանկարային մուսուլմանական երկիր էր։

Ուշագրավ է, որ դեռ հինգ տարի առաջ Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում Թուրքիան և Ռուսաստանը մոտ հորիզոնականներում էին։ Թուրքիան այժմ 20 հորիզոնականով բարելավել է վարկանիշը՝ ի տարբերություն Ռուսաստանի, որը նահանջել է 24 կետով։ Այս տարի Թուրքիան վարկանիշում 71-րդն է, Ռուսաստանը՝ 120-րդը։ Այս ամենը խոսում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական բարեփոխումների արդյունավետության, ինչպես նաև գլոբալ տնտեսությանն ինտեգրվելու ճանապարհին Թուրքիայի առաջընթացի մասին:

Ֆինանսական ճգնաժամը ևս փոխել է պետությունների ներդրումային գրավչության պատկերը։ Ավելին՝ չի բացառվում, որ մոտ ապագայում BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) երկրները լուրջ մրցակից ձեռք բերեն՝ MIST-ը (Մեքսիկա, Ինդոնեզիա, Հարավային Կորեա և Թուրքիա): Ամերիկյան Goldman Sachs-ի փորձագետների համար նման պնդումն ավելի քան հիմնավորված է՝ MIST-ի երկրներում շատ ավելի մեծ է ներդրումների եկամտաբերությունը։

Այսպես՝ 2011թ. փետրվարից Goldman Sachs-ը թողարկել է N-11 Equity Fund պիլոտային ծրագիրը, որը կենտրոնացած է զարգացող 11, այդ թվում՝ MIST-ի երկրներում ներդրումների ուղղությամբ: Ընթացիկ տարում Goldman Sachs-ը ներդրումային այս հիմնադրամի եկամտաբերությունը 12% է՝ համեմատ BRICS-ի երկրներում կենտրոնացած հիմնադրամի 1,5% եկամտաբերության։

Փորձագետների կարծիքով՝ Թուրքիան առանձնահատուկ է ոչ միայն ներդրումային հնարավորությունների, այլև ներդրումային ռիսկերի տեսանկյունից: Այսպես, ըստ ներդրումային հնարավորությունների, Թուրքիան բավական խոշոր տնտեսություն է (18-րդը աշխարհում), որն աճում է ավելի արագ, քան համաշխարհային տնտեսությունը։ Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության գնահատմամբ՝ 2011-2017 թթ. Թուրքիայի տնտեսության տարեկան աճի տեմպը կկազմի 6,7%:

Բացի այդ՝ Թուրքիայի բնակչությունը բավական երիտասարդ է (բնակչության գրեթե կեսի տարիքը չի գերազանցում 30-ը): Երկիրն առանձնանում է նաև որակյալ և մրցունակ աշխատուժով: Ընդ որում՝ Թուրքիան կարևոր տրանսպորտային հանգույց ու էներգետիկ միջանցք է Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի համար։ Կառավարությանն աջակցում է նաև երկրի բնակչությունը, ինչը վերջին մեկ տասնամյակում քաղաքական կայունության երաշխիք է դարձել:

Մեկնաբանել