Ինչու է լռում ԱՄՀ-ն

Արժույթի միջազգային հիմնադրամը, ըստ ամենայնի, դժգոհ է Հայաստանի կառավարությունից։ Եռամյա ծրագրերի հերթական ամփոփիչ ստուգումն իրականացրած ԱՄՀ առաքելությունը Հայաստանից հեռացել է լռելյայն, մինչդեռ նախկինում կա՛մ ասուլիս էր հրավիրում, կա՛մ հաղորդագրություն էր տարածում:

Սեպտեմբերի 5-ից Հայաստանում էր ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությունը, որի նպատակն էր իրականացնել «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրերի հերթական (5-րդ) ամփոփիչ ստուգումը, ինչպես նաև իշխանությունների հետ քննարկել հերթական տրանշի հատկացման հարցերը։

Արդեն ձևավորվել էր ավանդույթ, որ իշխանությունների հետ քննարկումից հետո առաքելության ղեկավարը հանդիպում էր լրագրողների հետ, կամ տարածվում էր հաղորդագրություն, որում համառոտ ներկայացվում են առաքելության դիրքորոշումն ու նկատառումները ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ:

ԱՄՀ առաքելությունը Հայաստանից հեռացել է սեպտեմբերի 19-ին, և ըստ ամենայնի՝ մոտ օրերս կա՛մ պաշտոնական հաղորդագրություն կլինի, կա՛մ լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, որը հազիվ թե հերքի ԱՄՀ առաքելության դժգոհությունը։

ԱՄՀ պաշտոնյաների՝ լրագրողների հետ հանդիպել չցանկանալու հանգամանքը թերևս վկայում է, որ նրանք չեն ցանկացել հայտնվել բարդ իրավիճակում և հրաժարվել են հանդիպել լրագրողների հետ։ Իսկ ԱՄՀ պատվիրակության հետ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումից հետո կառավարության տարածած հաղորդագրությունը շատ ընդհանրական է և քննարկումների մանրամասներ չի պարունակում:

«Օրակարգի» տեղեկություններով՝ ԱՄՀ առաքելությանը չի գոհացրել հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, գործարար միջավայրի բարելավման, շուկաների ազատականացման ուղղությամբ քայլերը։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետի հետ հանդիպմանը Մարկ Հորթոնը դրվատանքի խոսքեր է ասել կառավարության և Կենտրոնական բանկի հասցեին, «հատկապես տնտեսական աճի ցուցանիշի առումով, որը կանխատեսվածից ավելի բարձր է՝ հաշվի առնելով ոչ բարենպաստ զարգացումները տարածաշրջանում և աշխարհում»: «Բյուջեի կատարողականը նույնպես տպավորիչ է, հատկապես եվրոպական երկրների և ձեր հարևան պետությունների համեմատ»,– ըստ հաղորդագրության՝ ասել է Հորթոնը:

Մասնավոր հանդիպումներում, սակայն, ԱՄՀ ներկայացուցիչները կասկածի տակ են առնում տնտեսական աճի ներկայացվող բարձր ցուցանիշները, քանի որ չեն տեսնում դրա արտացոլումը այլ մակրոտնտեսական ցուցանիշներում։ ԱՄՀ ներկայացուցիչների համար, օրինակ, մտահոգիչ է, որ 2012թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումները կրճատվել են 39,4%-ով, իսկ ուղղակի ներդրումները՝ 59,7%-ով:

Ծանր փողեր
Որ ԱՄՀ-ին այնքան էլ չի գոհացնում Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը, պարզ դարձավ դեռ անցած տարի. 2011թ. սեպտեմբերի 7-20-ը Երևանում ԱՄՀ առաքելությունը, քննարկելով վերոնշյալ երկու ծրագրերի երրորդ ամփոփիչ ստուգումը, այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկավ Հայաստանի իշխանությունների հետ։ Քննարկումները ԿԲ նախագահն ու ֆինանսների նախարարը շարունակեցին ավելի բարձր մակարդակում՝ Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովների շրջանակում։

Այս տարվա գարնանը հերթական ստուգումները նույնպես հարթ չեն անցել։ Խնդիրն այն է, որ Հայաստանին հերթական տրանշի հատկացման հարցը ԱՄՀ տնօրենների խորհուրդը պետք է քննարկեր և հաստատեր մայիսի վերջին, բայց որոշումը կայացրեց հունիսի 15-ին: ԱՄՀ տնօրենների խորհուրդը չորրորդ ամփոփիչ ստուգման վերաբերյալ որոշումը կայացրեց չնախատեսող ընթացակարգով. «Խորհրդի համաձայնությամբ առաջարկությունը դիտարկվել է առանց պաշտոնական քննարկումներ հրավիրելու»: Նման ընթացակարգով հարցի քննարկումը զուգադիպեց հունիսի 15- 17-ը Բուխարեստում (Ռումինիա) ընթացող ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի «Հոլանդիայի ենթախմբի» երկրների հանդիպմանը: Այդ միջոցառմանը Հայաստանից մասնակցում էին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Ստացվում է, որ ԱՄՀ վերջին երկու տրանշները Հայաստանը ստացել է որոշակի բարդություններով, և գումարները հատկացվել են միայն ԱՄՀ բարձրաստիճան ղեկավարության հետ քննարկումներից հետո։

2010թ. հունիսի վերջին ԱՄՀ տնօրենների խորհրդի կողմից հաստատվել էր, որ մինչև 2013թ. Հայաստանը ԱՄՀ-ից պետք է ստանա մոտ $403,8 մլն: Այդ գումարից Հայաստանը «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերով արդեն ստացել է $269,8 մլն: Հայաստանի իշխանությունները պարտավորվել են իրականացնել վարչարարության բարեփոխումների ընդգրկուն ծրագիր՝ ուղղված հարկաբյուջետային ճշգրտմանն օժանդակելուն և միջնաժամկետում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի բարձրացմանը, իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար, պետական ներդրումների ավելացում, հարկային ռեժիմի, կանոնակարգերի, հաշվետվական պահանջների պարզեցում և մրցակցության բարձրացում:

Մեկնաբանել