Ապագայում բրիտանացի երեխաները կարող են երեք ծնող ունենալ

2013թ. բրիտանացի պատգամավորները հավանություն կտան գենային այն տեխնոլոգիային, որը երեխային թույլ կտա ունենալ երեք հարազատ ծնող: Տվյալ մեթոդի ընդդիմադիրների կարծիքով՝ այս քայլը ոտնձգություն է մարդկային կյանքի կարևորագույն սկզբունքի հանդեպ և նման երեխաների համար կարող է ունենալ անորոշ հետևանքներ:

Բրիտանիան մտադիր է օրինականացնել գենետիկորեն մոդիֆիկացված երեխաների ստեղծման մեխանիզմը: Օրենքի փոփոխությունը թույլ կտա լույս աշխարհ բերել «դիզայներական» երեխաների, որոնք պաշտպանված կլինեն բազմաթիվ ժառանգական ծանր հիվանդություններից: Նոր տեխնոլոգիայի կիրառման արդյունքում՝ երեխան կունենա երկու հարազատ մայր և մեկ հայր:

Մեթոդի կողմնակիցները պնդում են, որ ձվաբջիջների ու էմբրիոնների գենետիկ կառուցվածքը կօգնի այն զույգերին, որոնք տառապում են բազմաթիվ վիժումներից: 

Երկրների մեծ մասում ձվաբջիջներում և սպերմատոզոիդներում այսպես կոչված գեների «խաչաձևման» մեթոդը պաշտոնապես արգելված է: Տեսականորեն այն գիտնականներին թույլ է տալիս երեխաներին «նախագծել» ընդհուպ մինչև մազերի և աչքերի գույնը:

«Մենք գտնվում ենք մի սահմանագծի վրա, երբ պետք է որոշել՝ օգնել այն ընտանիքներին, որոնք ցանկանում են առողջ երեխաներ ունենալ, թե՞ մտածել այս երեխաների հանդեպ հասարակության բացասական վերաբերմունքի մասին»,- նշում է մարդու բեղմնավորման և էմբրիոնագիտության կառավարական հանձնաժողովի անդամ Լիզա Ջարդայնը: