Կառավարությունը անապահով ընտանիքների սպառած գազի դիմաց 171 մլն դրամ կհատկացնի

Կառավարության սեպտեմբերի 20-ի նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշվել է մասնակիորեն փոխհատուցել անապահով ընտանիքների սպառած գազի սակագինը:

Ինչպես հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը էներգետիկայի և բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված` ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին 171,101,280 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես Հայաստանում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2012թ. ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։

Ավելի վաղ ընդունված որոշմամբ անապահով ընտանիքներից յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խմ գազի վճարը գանձվում է հաստատված սակագնից (1 հազ. խմ-ի համար` 132 հազ. դրամ) նվազեցված գնով` 1 հազ. Խմ-ի համար` 100 հազ. դրամի չափով։ 1 հազ. Խմ-ի համար 32 հազ. դրամ կազմող գնի տարբերության գումարը (յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խմ գազի համար) «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների շահույթի հաշվին։

Մեկնաբանել