Կիպրոսը բացառում է եվրոգոտուց դուրս գալու հնարավորությունը

Կիպրոսի Հանրապետության կառավարությունը և նախագահը բացառում են եվրոգոտուց երկրի դուրս գալու հնարավորությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին ասվում է նաև Կիպրոսի կառավարության պաշտոնական ղեկավար Ստեֆանոս Ստեֆանի գրավոր հայտարարության մեջ:

«Հանրապետության կառավարության և նախագահի համար եվրոգոտուց կամ Եվրամիությունից դուրս գալը ընդհանրապես հարց չէ»,- ասված է հայտարարության մեջ: Բացի այդ՝ նշված է, որ կիպրոսյան իշխանությունները դիմել են ԵՄ ֆինանսական մեխանիզմներին, և ներկայում Եռյակի (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ և Արժույթի միջազգային հիմնադրամ) հետ բանակցություններ են ընթանում օգնության տրամադրման ավելի մեղմ պայմանների շուրջ: Ստեֆանոս Ստեֆանի խոսքով՝ այդ բանակցությունները կառավարության համար առաջնային նշանակություն ունեն:

Կառավարության ղեկավարը ստիպված էր նման հայտարարությամբ հանդես գալ ուրբաթ երեկոյան, քանի որ արտասահմանյան լրատվամիջոցները տարածել էին Կիպրոսի Աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Անդրոս Կիպրիանուի հայտարարությունը, ըստ որի՝ եվրոգոտում երկրի մնալու հարցը հնարավոր է՝ վերանայվի: Կիպրոսյան լրատվամիջոցների հետ զրույցում նա այն կարծիքն է հայտնել, որ եթե Եռյակը ստիպի Կիպրոսին դիմել կոշտ տնտեսության չափազանց հիվանդագին միջոցառումների, ապա հարց կառաջանա՝ արժե՞ մնալ եվրոգոտում: «Ես չեմ ցանկանում կանխագուշակել, թե մենք ինչ կանենք, բայց իմ կարծիքով՝ այս հարցերը պետք է քննարկվեն կիպրոսյան ժողովրդի շահերի համատեքստում»,- հայտարարել է Կիպրիանուն: