Ռուսաստանում առաջարկվում է ցմահ ազատազրկել հարբած վարորդներին

Պետդումայի պատգամավորները որոշել են ավելի խիստ պատիժ սահմանել հարբած վիճակում երթևեկող վարորդների համար: Մահացու ելքով վրաերթ կատարած վարորդներին առաջարկվում է դատապարտել 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման, գրում է ռուսական «Իզվեստիա»-ն:

Պատգամավորների խոսքով` վիճակագրությունը վկայում է, որ մահացու ելքով ավտովթարների թիվը Ռուսաստանում տարեցտարի ավելանում է: ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն` Ռուսաստանում օրական մահանում է միջինը 100 մարդ:

Նախաձեռնության հեղինակներից մեկի` եդինոռոս Շամսաիլ Սարալիևի խոսքով` անցած տարի հարբած վարորդների զոհ է դարձել 2013 մարդ, մինչդեռ ահաբեկչությունները խլել են 57 մարդու կյանք: Ընթացիկ տարում վթարների հետևանքով մահացել է 2300 մարդ: Ըստ էության, հարբած վարորդներին առաջարկվում է «հավասարեցնել» ահաբեկիչներին:   

Նախագիծը մշակման նախնական փուլում է: Հեղինակները մտադիր են փորձագետների, իրավաբանների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկումներ կազմակերպել, սոցցանցերում հարցումներ և քվեարկություններ անցկացնել: