Լավատեսության շաղախը

Նկատե՞լ եք, որ պետական պաշտոնյաներն անկախության մասին միշտ խոսում են ժպիտով: Երբ միկրոֆոնը դեմ ես տալիս ու հարցնում անկախության մասին, երկնային հանգիստ է իջնում մեր չինովնիկների վրա: Ինչու: Որովհետև հոգիներն էնքան կեղտոտ է, որ վախենում են, թե հարցերն էդ մասին կլինեն: Անկախությունը նրանց համար ռելաքս թեմա է: Նույն կերպ, ասենք, ժպտում են Նոր տարվա մասին հարցերի դեպքում: Որովհետև դարդերից չեն խոսում, Նոր տարին կամ անկախությունը սեփական անզորությունը խոստովանել չէ:

Այլ հարց է, թե ինչպե՞ս է լրագրողն առանց տվյալ պաշտոնյայի մասին որևէ լուրջ գաղտնիք տիրապետելու նման հարցեր ուղղում նրան։ Ինձ համար, սակայն, նրանց ժպիտն արդեն հարցի պատասխան է։ Իբր թե, «վերջապես մարդավարի հարց տվեցիք»։ Չինովնիկները հաճախ են լրագրողներին կոչ անում «ոչ միայն վատը տեսնել, այլև տեսնել լավը»։ Դեռևս չի գտնվել գոնե կես չինովնիկ, որին հնարավոր լինի հասկացնել, որ ա) լրագրողը լավը նկատելու համար չէ, բ) լավը ձեր պարտականությունն է, ոչ թե՝ ողորմածությունը։ Ժպտում են, որովհետև հարցը անկախությունը չէ, այլ՝ հարցի մեջ թաքնված կոռուպցիան։ Նրանք լրագրողի մեջ ճանաչում են իրենց։ Այսինքն, լրագրողի անտեղյակությունը հավասարազոր է իրենց՝ չինովնիկների, անպատժելիությանը։ Քանզի եթե լրագրողը տրանսպորտի և կապի նախարարին հարց է ուղղում անկախության մասին, առաջին իսկ հարցը պետք է հնչի այսպես. «Ձեր կարծիքով անկախությունը էթիկական, թե բառադի հասկացություն է»։ Եթե էթիկական է, ինչի՞ մասին էր կառավարության արտահերթ նիստին խոսում երկրի ղեկավարը և ինչո՞ւ այդպիսի բառապաշարով, եթե բառադի հասկացություն է, ինչո՞ւ եք դերասանություն անում, թե իբր երկիր եք կառուցում. կերեք ձեր թալանածը, ծեծեք ձեր ճամփին կանգնածներին և հաստատ դրանից անկախությունն ավելի չի ապականվի։

Անկախության օրը փողոցում հարցումներ էի անցկացնում շարքային քաղաքացիների շրջանում, գրադանավար մի կին այն հարցին, թե երազո՞ւմ էր այսպիսի անկախություն, պատասխանեց. «Ես հիվանդագին լավատես եմ»։ Կարգին էլ չհասկացա՝ ծիծաղում էր անկախության վրա, թե լրիվ լուրջ էր «հիվանդագին լավատես»։ Ասաց, որ լրիվ լուրջ է ասում, ինքը տեսնում է կառավարության և «մեր նախագահի» աշխատանքը։ Կինը կուսակցական չէր, բայց տեղեկացված էր։ Հարցնում եմ՝ նորություններ կարդո՞ւմ ես։ Հա։ Հաջորդը՝ դու անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի ուղե՞րձն ես ագահաբար կարդում կամ լսում, թե՞ վարդենիսցի տղայի պատմությունը, որը հրացանի խզակոթով սպանել է հորը։ Ասում է՝ վարդենիսցի տղայի պատմությունը։ Հարցնում եմ՝ բա ինչո՞ւ ես լավատես։ «Որովհետև ըսենց չի մնա»,- ասում է գրադանավար կինը։ Փաստը, որ «ըսենց չի մնա», հիշեցնում է մեր չինովնիկների ժպիտը։ Նրանցից յուրաքանչյուրը գիտի, որ «ըսենց չի մնա»։ Միաժամանակ համոզված է, որ ինքը չի լինելու իրավիճակը փրկողը։ Չինովնիկն էլ է լավատես։ Պայմանով, որ ինքը մատը մատին չխփի։ Եվ պայմանով, որ ոչ ոք այդ մասին ոչինչ չասի։ Ու էլի պայմանով, որ ասվի ճիշտ հակառակը։

Գրադարանավարը քրեական հանցանք չի գործել իր լավատեսությամբ, ավելին, ես նրա հետ եմ, բայց ինքը երկրի մասին չի խոսում, որովհետև իր կարծիքը ոչ ոք չի հարցրել լավատեսության շաղախն անելիս։ Նրա լավատեսության համար հիմա հոգեմետ դեղեր են նշանակում։ Եվ այդ դեղերով էլ խրախուսում են ընտրությունները, ընտրում նախագահ, որը կառավարություն է նշանակում հաստատ «իմանալով», թե ինչը ոնց է լինելու։

Մեկնաբանել