COVID-ից երեք տարի անց ադրբեջանցիները դեռ չեն կարող հատել երկրի ցամաքային սահմանները

Ադրբեջանի Ղազախի շրջանի և Վրաստանի միջև սահմանային անցակետը, լուսանկարը՝ Իսլամ Շիխալիի/OC Media։

Իսլամ Շիխալի, OC Media

Երեք տարի առաջ Ադրբեջանը, արձագանքելով կորոնավիրուսի համաճարակին, փակեց իր ցամաքային սահմանները, որոնք առ այսօր մնում են փակ։ Բայց ի՞նչ նշանակություն ունեցավ դրանց փակումը Ադրբեջանի ժողովրդի և կառավարության համար:

Շահին Վալիևի կյանքի վերջին տարիները նշանավորվեցին տեղահանությամբ, COVID-19 համաճարակի նկատմամբ վախով և տուն՝ Ադրբեջան վերադառնալու անկարողությամբ:

2020-ին, երբ ողջ աշխարհում լրատվականների գլխավոր լուրը դարձավ համաճարակը, Ադրբեջանն անմիջապես փակեց իր ցամաքային սահմանները։

Շատ ադրբեջանցիներ, որոնք սովորում կամ աշխատում էին հարևան երկրներում, ինչպես Վալիևը, համավարակի բռնկումից հետո մեծ դժվարությամբ էին կարողանում տուն վերադառնալ՝ հաճախ ստիպված լինելով Ադրբեջան վերադառնալ թանկ չվերթներով՝ ցամաքային սահմանով անցնելու փոխարեն:

22-ամյա Վալիևն Ադրբեջանի այն տասը քաղաքացիների թվում էր, որոնք զոհվեցին փետրվարին Թուրքիայի և Սիրիայի սահմանագոտում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ, որը երկու երկրներում ընդհանուր գրեթե 60,000 մարդու կյանք խլեց:

Շահին Վալիև, լուսանկարը տրամադրել է նրա ընտանիքը։

Շահինի մայրը՝ Էսմիրա Հուսեյնովան, որդու մահվան մեղքն ուղղակիորեն կապում է սահմանների փակ լինելու հետ։

«Երեխայիս մահը, որը վերապրեց համաճարակը և պատերազմը, տեղի ունեցավ այն պատճառով, որ նա չկարողացավ վերադառնալ երկիր,- OC Media-ին ասել է նա,- Եթե ցամաքային սահմանները բաց լինեին, տղաս կիսամյակային արձակուրդը կանցկացներ իր երկրում, ինչպես ամեն տարի»:

2020-ից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, Շահինի ընտանիքը ֆինանսական դժվարություններ է ունեցել. հայկական կողմի հրետակոծության հետևանքով ավերվել է Գյանջայում գտնվող նրանց տունը, ինչի հետևանքով ստիպված են եղել ապրել հարազատների մոտ, մինչև իրենց տունը վերականգնվի։

Դրանից կարճ ժամանակ անց Շահինը որոշում է սպորտի կառավարում սովորել Թուրքիայի Ինյոնյու համալսարանում։

«Մենք մի կերպ ենք յոլա գնում, դրա համար Շահինը չէր կարողանում գալ արձակուրդի ժամանակ»,- ասում է նա։

«Շահինն ինձ ասաց. «Այդքան գումար [թռիչքի վրա] ծախսելու փոխարեն, քո թույլտվությամբ ես կգամ ամռանը։ Ես հիմա չպետք է գամ»»,- հիշում է նա:

Նա ասում է, որ սովորաբար Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները տուն վերադառնում են՝ ավտոբուսով գալով Նախիջևան՝ Ադրբեջանի արևմտյան էքսկլավ, իսկ հետո ներքին չվերթով գնում Բաքու, ինչը շատ ավելի մատչելի տարբերակ է, քան թուրքական օդանավակայանից Բաքու կամ Նախիջևան մեկնելը։

2022-ին Շահինի վերջին այցը Ադրբեջան նրա ընտանիքին արժեցել է 1000 ադրբեջանական մանաթ (600 ԱՄՆ դոլար):

«Սահմանները փակ կպահենք այնքան, որքան անհրաժեշտ է»

Թեև Ադրբեջանում համաճարակի տարածումը կանխելու համար սահմանված կանոններն ու կանոնակարգերը փոխվել են ժամանակի ընթացքում, միակ հաստատուն բանը եղել է սահմանների փակումը։

2022-ի հուլիսին, այս թեմայով հարցին ի պատասխան, նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ սահմանները փակ կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ COVID-19-ի տարածումից խուսափելու համար։

«Հիվանդությունների մեծ մասը տարածվում է ցամաքային սահմանների միջոցով։ Դրա համար մենք փակ ենք պահում մեր սահմանները […] և փակ ենք պահելու մեր ցամաքային սահմանները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Մենք դա անում ենք մարդկանց առողջությունը պաշտպանելու համար»,- ասել է նա։

Նախքան համաճարակը շատ ադրբեջանցիներ նախընտրում էին արտագաղթել հարևան երկրներ, առաջին հերթին՝ Ռուսաստան և Թուրքիա, որտեղ, ըստ նրանց, տնտեսությունն ավելի լավ հնարավորություններ է ընձեռում։

Այնուամենայնիվ, երբ համաճարակն սկսվեց, շատերը ցանկացան վերադառնալ տուն, սակայն պարզվեց, որ չեն կարող։

2020-ի սկզբին հարյուրավոր մարդիկ փորձել են Ռուսաստանի տարածքով մուտք գործել Ադրբեջան, սակայն նրանց մերժել են սահմանին։ Շատերը մի քանի ամիս գիշերել են սահմանի մոտ՝ նախքան Ադրբեջան մուտք կգործեին ինքնաթիռով կամ կվերադառնային Ռուսաստան:

Ղազախը՝ Վրաստանին սահմանակից շրջաններից մեկը, մինչև 2020-ը առևտրի և տարանցիկ հանգույց է եղել մարդկանց համար, որոնք տեղաշարժվում էին Ադրբեջանի և Վրաստանի միջև։

25-ամյա Վալի Վալիևը տարածաշրջանի այն բազմաթիվ մարդկանցից է, որն իր ապրուստը վաստակում էր Վրաստանից բերված ապրանքները վաճառելով: Նա իր գյուղացիներից պատվերներ էր ընդունում՝ հիմնականում սննդամթերք և հիգիենայի պարագաներ, որոնք հետագայում մի փոքր թանկ վաճառում էր նրանց:

«Մենք առևտուր էինք անում, երբ սահմանները բաց էին։ Հատում էինք սահմանը և ծխախոտ, օղի, տակդիրներ, ձեթ, երշիկեղեն և լվացքի փոշի էինք գնում և վաճառում Ղազախում»,- ասում է Վալիևը, որի համար այժմ առանց ցամաքային ճանապարհով Վրաստան ուղղակի և հեշտ մուտք գործելու հնարավորության «անհնար» է իր ընտանիքի կարիքները հոգալու համար ապրուստի բավարար միջոցներ վաստակել։

Վալիևի գործերը լավ էին, նա շաբաթական երկու-երեք անգամ մեքենայով գնում էր Վրաստան՝ կախված իր ընտանիքի ծախսերից:

«Երբ սահմանը բաց էր, հյուրեր էին գալիս երկրի տարբեր մասերից և արտերկրից, ռեստորանները, տաքսիները և խանութները լավ էին աշխատում, և մարդիկ աջակցում էին միմյանց»,- OC Media-ին ասում է նա:

Նա հավելում է, որ զբաղվածության այլընտրանքային ձևերի բացակայության պայմաններում սահմանի փակումը նպաստել է Ղազախում հանցավորության մակարդակի բարձրացմանը:

«Գողությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և այլ հանցագործությունները հասել են աներևակայելի մակարդակի,- ասում է նա,- Երբ սահմանը բաց էր, շրջանի բնակիչները զբաղված էին բիզնեսով. նրանք գնում էին Վրաստանի սահման ու ինչ-որ բան էին վաստակում։ Սակայն հիմա նրանք իրենց ապրուստը վաստակելու համար դիմում են հանցագործության»:

Ղազախի մեկ այլ բնակավայրում ապրող 34-ամյա Ինթիգամ Մամեդովը մեծ դժվարության է բախվում աշխատանք գտնելու հարցում, որպեսզի կարողանա պահել իր ընտանիքը: Նա որպես տաքսու վարորդ ամսական 300-400 մանաթ (180–240 դոլար) էր վաստակում, սակայն պարզվեց, որ ցամաքային սահմանի փակումից հետո տաքսու պահանջարկը պատմական նվազագույնի է հասել:

«Ո՞ւմ կարող եմ առաջարկել իմ ծառայությունները: Ղազախում գրեթե աշխատանք չկա, բացի սահմանից այն կողմ եղածներից»,- OC Media-ին ասում է նա:

«Ես վաճառեցի նաև մեքենան, քանի որ սահմանները փակվելուց հետո կյանքը դժվարացել է։ Ավտոմեքենան, որը գնել էի 3200 մանաթով (1900 դոլար) վաճառեցի 2400 մանաթով (1400 ԱՄՆ դոլար),- ասում է նա,- Ինչպե՞ս կարող եմ ընտանիքիս կարիքները հոգալ 2400 մանաթով»:

Պետական ոչ մի աջակցություն և չափազանց թանկ ավիատոմսեր

Բաքվում բնակվող տնտեսագետ և Agora Analytical Collective անկախ հետազոտական կենտրոնի համահիմնադիր Ֆարիդ Մեհրալիզադեն պնդում է, որ ցամաքային սահմանի շարունակական փակ լինելը զգալիորեն խորացրել է ադրբեջանցիների տնտեսական դժվարությունները:

Մեհրալիզադեն OC Media-ին ասել է, որ առավել շատ տուժածների թվում են նրանք, ովքեր սովորում են արտերկրում, մարդիկ, որոնք բուժում են ստանում հարևան երկրներում և այն ադրբեջանցիները, որոնց եկամուտը կախված է արտասահմանյան զբոսաշրջությունից:

«Հիմա, երբ ճանապարհը փակ է, նրանք ստիպված են այլընտրանքային ճանապարհներ օգտագործել կամ ընդհանրապես չեն կարող գնալ,- ասում է նա,- Այս մարդկանց ծախսերն ավելանում են, և նրանք ավելի թանկ տրանսպորտային միջոցներից են օգտվում»։

Նա հավելել է, որ «Ադրբեջանի ավիաուղիներ»-ը՝ երկրի առաջատար և խոշորագույն ավիաընկերությունը, մենաշնորհ ունի ավիափոխադրումների ոլորտում և որ այլընտրանքի բացակայության պարագայում տոմսերի աճող պահանջարկը ընկերությանը թույլ է տալիս ուղևորներից չափազանց թանկ ուղեվարձեր գանձել։

Ընկերության փոխնախագահ Սամիր Ռզաևը փետրվարին հաստատել է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը 2022-ին իր պատմության մեջ առաջին անգամ տարին փակել է մաքուր շահույթով։

Չնայած Ադրբեջանը պետական աջակցություն էր առաջարկում համաճարակի հետևանքով տուժած ձեռնարկություններին, Մեհրալիզադեն ասում է, որ բիզնեսների մեծ մասը, հատկապես դրանք, որոնք մանրածախ առևտրով էին զբաղվում, պաշտոնապես գրանցված չէին:

Նա հավելում է, որ պետությունը երկրում խթաններ չի ստեղծում ձեռներեցության համար, և որ շատերը նախընտրում են չգրանցել իրենց բիզնեսը մրցակցային բիզնես միջավայրի բացակայության և պետության կողմից օրենքի գերակայությունը չապահովելու պատճառով:

«Ադրբեջանում համաճարակ գործնականում գոյություն չունի»

Թեև սահմանների փակ մնալու պաշտոնական պատճառը մնում է COVID-19-ը, շատերը կասկածներ ունեն այս պատճառաբանության շուրջ։

2023-ի մայիսին, երբ աշխարհի երկրների մեծ մասն արդեն վերացրել էր COVID-19 սահմանափակումների մեծ մասը, եթե ոչ բոլորը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նվազեցրեց COVID-19-ի վարկանիշը՝ նշելով, որ համաշխարհային առողջապահական ոլորտում այն այլևս արտակարգ իրավիճակ չի համարվում:

Եվ չնայած ցամաքային ճանապարհով դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը դադարեցվել է, օդային ճանապարհորդությունն այժմ հիմնականում զերծ է որևէ սահմանափակումից:

«Օդային սահմաններն այժմ լիովին ազատ են. COVID-19 անձնագրի պահանջը հանվել է, բայց ցամաքային սահմանները դեռ փակ են»,- OC Media-ին ասել է բժիշկ և վարակաբան Մարդան Ալին։

Նա ասել է, որ COVID-19-ն այլևս որևէ վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար, և որ վերջին շրջանում գրանցված միակ խոշոր բռնկումը տեղի է ունեցել այս տարվա Նովրուզի նախօրեին, երբ յոթ մարդ էր մահացել, որոնք հանգստի սեզոնի պատճառով չէին կարողացել բժշկի դիմել։

«Այս խնդիրների պատճառով կարելի է ասել, որ COVID-19-ի հետ կապված վտանգավոր շրջանն արդեն ավարտվել է»,- ասել է Մարդանը։

Հունիսի վերջի դրությամբ Ադրբեջանը դեռ չի մեկնաբանել, թե արդյոք հնարավոր է, որ մոտ ապագայում բացի իր ցամաքային սահմանները։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները բացահայտորեն կոչ են անում վերաբացել սահմանը. պատգամավոր Վահիդ Ահմադովն ասել է, որ Բաքուն պետք է բացի գոնե Վրաստանի հետ ընդհանուր սահմանը։

«COVID-19-ի համաճարակը գործնականում գոյություն չունի նաև Ադրբեջանում։ Այս հարցի վերաբերյալ չափազանց շատ դիմումներ կան»,- ապրիլին OC Media-ին ասել էր պատգամավորը:

OC Media-ն Ահմադովին հարցրել է՝ արդյոք նա կարծում է, որ սահմանները փակ են միայն համաճարակի պատճառով, և ոչ անվտանգության նկատառումներով, քանի որ Իրանի և Հայաստանի հետ լարվածությունը շարունակում է աճել: Նա պատասխանել է, որ «երկրում կարող են վտանգավոր իրավիճակներ առաջանալ, և պետությունն աշխատում է այդ իրավիճակները կանխելու ուղղությամբ»։

«Այստեղ կա նաև պետական անվտանգության խնդիր։ Սա շատ կարևոր է մեզ համար։ Դուք տեսնում եք, թե վերջին շրջանում որքան լարվածություն կա Ադրբեջան-Իրան հարաբերություններում»,- ասել է նա։

«Այս խնդիրը սահմանները չբացելու հիմնական պատճառներից մեկն է»։Հոդվածի պատրաստմանը մասնակցել է Իսմի Աղաևը։

Մեկնաբանել