Ադրբեջանն արգելել է Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը Լաչինի միջանցքով

Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաների երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունում, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Արցախից Հայաստան բուժառուներ տեղափոխող Կարմիր խաչի մեքենաներով հայերը փորձել են ապօրինի բեռներ փոխադրել, այդ թվում՝ ծխախոտ և բենզին:

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ «մաքսանենգության» դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ «Մինչև անհրաժեշտ քննչական միջոցառումների ավարտը ժամանակավորապես դադարեցվել է «Լաչինի» անցակետով երթևեկությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է, որ ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին։

«Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։ Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։ Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։ Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»,- նշել է Ամատունին։

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։ Հունիսի 25-ից վերականգնվել էր միայն բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ։

Մեկնաբանել