Վիտալի Բալասանյանի կալանավորումը մերժելու դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է

Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է։ Այդ մասին հուլիսի 20-ին ՍիվիլՆեթին հայտնեց Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիորսյանը։

Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա․ «Պաշտպանական կողմը պատճառաբանել է, որ վերաքննիչ բողոքը չի ստացել և անհրաժեշտ է պատշաճ ժամանակ վերաքննիչ բողոքին նախապատատվելու համար։ Ընդ որում՝ միջորդություն են ներկայացրել դատական քննությունը հետաձգել և նշանակել երկուշաբթի։ Սակայն դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի և դատական նիստ նշանակել 2023-ի հուլիսի 21-ն ժամը 17։00-ին»։

Ավելի վաղ՝ հուլիսի 17-ին, Մարտիրոսյանը ՍիվիլՆեթին հայտնել էր, որ Արցախի առաջին իրավասության դատարանը մերժել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։

Ըստ Արցախի դատախազության՝ հուլիսի 13-ին Բալասանյանի առանձնատունը խուզարկելիս նա և իր ազգակցականները փորձել են խոչընդոտել իշխանության ներկայացուցիչների գործողությունները: Բալասանյանն այդ ժամանակ ձերբակալվել է և Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Հետագայում Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել չորս հոդվծաներով՝ յուրացնելու կամ վատնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու համար:

Մեկնաբանել