Հայաստանում կա ըմբռնում, որ անհրաժեշտ է համոզել ԼՂ-ի հայերին հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ․ Լավրով

Հուլիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին եռակողմ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մեր զրուցակիցներին ներկայացրինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով այն զեկույցները, որոնք ներկայացնում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, այն քայլերը, որոնք խիստ ցանկալի է անհապաղ, առանց ուշացման ձեռնարկել՝ Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու, անխափան էլեկտրա և գազամատակարարումն ապահովելու համար։ Դա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցերին․ «Ակնկալում ենք, որ բանակցային մեծ գործընթացի գագաթնակետը կլինի հենց այդ պայմանագրի ստորագրումը։ Ճանապարհը հեշտ չէ: Շատ բարդ և կարևոր հարցեր պետք է լուծվեն։ Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991-ի հռչակագրին համապատասխան, որը նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները ստորագրել են Ալմա-Աթայում։ Դրա արդյունավետությունն այսօր հաստատված է և՛ ադրբեջանական, և՛ հայկական ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը»։

Սերգեյ Լավրովը նշում է, որ այժմ կողմերը մոտ են տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում արդյունքներ գրանցելուն․ «Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտային ոլորտում հեռանկարային նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ»։

«Հայկական կողմում առկա է այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ շուտափույթ կերպով հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ այն իրավունքների համաձայնեցման նպատակով, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից, միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի կողմից ստանձնած)՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ միջազգային կոնվենցիաները։ Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաև իր տարածքում բնակվող անձանց: Հայերը պատրաստ են նույնը անել ՀՀ-ում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով»,- հայտարարել է Լավրովը։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետ-քաղաքագետների միջև երկխոսությունը վերսկսելու շուրջ։ Ռուսական կողմը նաև առաջարկել է եռակողմ երկխոսություն սկսել խորհրդարանականների գծով։

«Ակնկալում ենք, որ բանակցությունների գործընթացը կշարունակվի։ Հասկանում ենք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետաքրքրությունը՝ միջնորդներ օգտագործելու ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլ նաև մյուսների։ Ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին գտնել պայմանավորվածություններ, ովքեր, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Բայց չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր՝ ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների»,- ասել է Լավրովը։

Մեկնաբանել