Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ներկայացվել է ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը

Հուլիսի 26-ին արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Սաֆարյանը նշել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների սուր պակասի: ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության պարբերական գնդակոծությունների հետևանքով գյուղատնտեսական աշխատանքների խաթարմանը: Ընդգծվել է, որ էլեկտրականության և գազի մատակարարման դադարեցումը հանգեցրել է սոցիալական և առողջապահական ծառայությունների կաթվածահարման՝ ոտնահարելով պաշարված բնակչության հիմնարար իրավունքները, ներառյալ՝ կյանքի, առողջության և կրթության իրավունքը:

«Մնացական Սաֆարյանը նշել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի աշխատանքային խմբի կողմից որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղ առաքել առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների շուրջ 360 տոննա խմբաքանակ: Կարևորվել է միջազգային հանրության հստակ ազդակն Ադրբեջանին՝ կատարելու ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Մնացական Սաֆարյանը և Էդմոն Մարուքյանը պատասխանել են ներկաների հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ:

«Հանդիպման ավարտին դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և միջազգային կառույցների ներկայացուցիչները կատարել են ԱԳՆ շենքի հարակից հատվածում կայանված հումանիտար շարասյան շրջայց՝ ծանոթանալով հումանիտար բեռների խմբաքանակում ներառված ապրանքատեսակներին»,- հայտնում են ԱԳՆ-ից։

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։ Հունիսի 25-ից վերականգնվել է միայն բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ։

Մեկնաբանել