Բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում

ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր Արտակ Դավթյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտներում իրականացված ծրագրերը, 2011 թվականին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ քննարկվող ծրագրերի շրջանակներում պետական մարմինների ստանձնած բոլոր պարտավորությունների դիմաց վճարումները կատարվել են ամբողջությամբ և ժամանակին: Ներկայացնելով յուրաքանչյուր ոլորտում առկա բյուջետային խնդիրների ընդհանուր վիճակը` նա անդրադարձել է նաև կոնկրետ ծրագրերի ֆինանսական ցուցանիշներին: Հանրապետության գլխավոր գանձապետի խոսքով` նախատեսված ծրագրերը հիմնականում կատարվել են 100 տոկոսով: Կրթության բնագավառին հաշվետու տարում հատկացվել է Դ107,1 մլրդ, որի դիմաց արձանագրվել է 99, 04 տոկոս կատարողական: Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների համար նախատեսված Դ19, 97 մլրդ-ն օգտագործվել է 96,06 տոկոսով: Բյուջետային դասակարգման «Հանգիստ, մշակույթ և կրոն» բաժիննն ունեցել է Դ17,8 մլրդ-ի բյուջե, և արձանագրվել է 98,76 տոկոս կատարողական:

Կրթության և գիտության նախարարությունը հաշվետու տարում սահմանված է եղել որպես 64 ծրագրերի կատարման պատասխանատու, որոնց իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ են հատկացվել: Դ29, 3 մլրդ-ի բյուջեի դիմաց արձանագրվել է 99,32 տոկոս կատարողական:

Մշակույթի նախարարությանը ծրագրերի իրականացման համար հաշվետու տարում նախատեսված է եղել Դ9,13 մլն դրամ, արձանագրվել է 99,96 տոկոս կատարողական: Նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 45 ծրագիր: Դ356 մլն է տրամադրվել կառավարության պահուստային ֆոնդից, որն օգտագործվել է 99,9 տոկոսով:

Սփյուռքի նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 17 բյուջետային ծրագրեր: Նախարարության բյուջեն կազմել է Դ685,3 մլն, որն օգտագործվել է 98,25 տոկոսով: Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է Դ6 մլն. այն օգտագործվել է 88,75 տոկոսով:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը բյուջետային ծրագրերի իրականացման համար հատկացված Դ4,344 մլն-ն օգտագործվել է 95 տոկոսով: Նույնքան է նաև կառավարության պահուստային ֆոնդից հատկացված Դ272,9 մլն-ի միջոցների կատարողականը:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի բյուջեն Դ212.99 մլն է եղել, որն օգտագործվել է 97,91 տոկոսով:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին բյուջետային ծրագրերի համար հատկացվել է Դ3,433 մլն: Կատարողականը եղել է 99,9 տոկոս:

Բյուջետային ծրագրերի իրականացման բովադակային կողմը ներկայացրել են հաշվետու նախարարությունների ղեկավարները:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ 2011 թվականը նախարարության համար եղել է առանցքային, քանի որ լրանում է վերջինիս ստեղծման 3 տարին, ինչը լավ առիթ է ամփոփելու հայրենիք-սփյուռք գործակցության քաղաքականության արդյունքները, ի մի բերել ու համազգային-համահայկական օրակարգը: Նրա խոսքով` ի տարբերություն այլ նախարարությունների, Սփյուռքի նախարարության գործունեությունը, ծրագրերի իրականացումը հնարավոր է դառնում միայն սփյուռքահայության համաձայնությունն ունենալու դեպքում, հակառակ դեպքում նախարարությունում մշակված ծրագրերը կարող են մնալ թղթի վրա: Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է այն բոլոր ծրագրերը, որոնք հաշվետու տարում իրականացրել է Սփյուռքի նախարարությունը` նպաստելով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանը:

Կրթության ոլորտում իրականացված ծրագրերի բովանդակային հաշվետվությունը ներկայացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ կրթության բնագավառի 2011 թվականի գերակա խնդիրներն են եղել նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացումը, հանրակրթության ոլորտի բարեփոխումները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացումը, բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունների: Պատասխանելով պատգամավորների՝ դպրոցներում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ մտահոգություններին՝ նախարարը նշել է, որ կատարված աշխատանքի համեմատ այդ ռիսկերը դանդաղ տեմպերով են վերանում, չնայած որ արդեն կա մեծ առաջընթաց:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է նախարարության կողմից 2011 թ. իրականացված ծրագրերի հաշվետվությունը: Նախարարը մասնավորապես անդրադարձել և կարևորել է մշակութային ժառանգության հիմքերի պահպանությանն ուղղված ծրագրերը, շինարարական դպրոց-արհեստանոցի հիմնումը, կտավի վերականգնման կենտրոնների ստեղծումը, հնագիտական իրերի վերականգնման կենտրոնի հետ կապված համագործակցությունը ճապոնական կողմի հետ, պետություն-մասնավոր հատված համագործակցությունը հուշարձանների վերականգման ոլորտում:

Սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտներում իրականացված ծրագրերի հաշվետվությունը ներկայացրել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ներկայացնելով տարբեր մարզաձևերում գրանցված հաջողությունները՝ նախարարն անդրադարձել է նաև ոլորտում բացթողումներին և զարգացման հեռանկարներին:

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի բյուջետային ծրագրերի հաշվետվությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, իսկ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ծրագրային հաշվետվությունը՝ խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը:

Նույն օրը գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը և ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերի ու ծախսերի վերաբերյալ հանդես են եկել առավել հանգամանալից հաշվետվություններով:

Գյուղատնտեսության նախարարության ծախսերը կազմել են Դ8,14 մլրդ կամ ծրագրվածի 90,15 տոկոսը: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել է 25 ծրագիր:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) աջակցությամբ իրականացվող «Շուկայական հնարավորություն ֆերմերներին» վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է Դ624.8 մլն, որից Դ537.2 մլն-ը` վարկային միջոցներից, Դ87.5 մլն-ը` ՀՀ կառավարության համաֆինանսավորման հաշվին: Ծրագրի ծախսերը, պայմանավորված շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ու այլ ծախսերի գերազանցման հանգամանքով, 28.3 տոկոսով գերազանցել են նախատեսված ցուցանիշը:

«Գյուղական կարողությունների ստեղծում» վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է Դ544.4 մլն, որից Դ110.6 մլն-ը` վարկային միջոցներից, Դ433.7 մլն-ը` ՀՀ կառավարության համաֆինանսավորման հաշվին: Ծրագրի ծախսերը 64.1 տոկոսով զիջել են նախատեսված ցուցանիշը:

ՀԲ աջակցությամբ իրականացվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է Դ492.5 մլն, որից Դ381 մլն-ը` վարկային միջոցներից, Դ111.4 մլն-ը` ՀՀ կառավարության համաֆինանսավորման հաշվին: Ծրագրի ծախսերը 41.7%-ով զիջել են նախատեսված ցուցանիշը, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ծրագիրն ուժի մեջ է մտել նախատեսվածից 7 ամիս ուշացումով:

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծախսերը կազմել են ավելի քան Դ888.8 մլն կամ նախատեսվածի 92.1 տոկոսը, որը պայմանավորված է տնտեսումներով: 2010 թվականի համեմատ ծախսերը նվազել են 10.4 տոկոսով կամ Դ102.7 մլն-ով:

Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության ծախսերը կազմել են Դ1.4 մլրդ` ապահովելով 94.8 տոկոս կատարողական: Շեղումը պայմանավորված է կանխատեսված և փաստացի փոխարժեքների տարբերությամբ:

Դ822.8 մլն է տրամադրվել անտառային տնտեսության ոլորտին` ապահովելով 102.9 տոկոս կատարողական, իսկ ՀԲ աջակցությամբ իրականացվող անտառների պետական մոնիթորինգի հզորացման դրամաշնորհային ծրագրի իրականացման համար ծախսվել է Դ60.1 մլն` 62.1 տոկոսով գերազանցելով ծրագրված ցուցանիշը:

Տարբեր ծրագրերի իրականացման նպատակով պետության պահուստային ֆոնդից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է Դ2,5 մլրդ:

Ոռոգման ծախսերի համար հատկացվել է Դ35.8 մլրդ կամ ծրագրվածի 96 տոկոսը: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել են մի շարք ծրագրեր:

«Հազարամյակի մարտահրավեր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված շուրջ Դ26 մլրդ-ն ամբողջությամբ օգտագործվել է:

ՀԲ աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի շրջանակներում ծախսվել է ավելի քան Դ2.3 մլրդ, որից Դ1.8 մլրդ-ը` վարկային միջոցներից, Դ515 մլն-ը` կառավարության համաֆինանսավորման հաշվին:

Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին տրամադրվել է Դ4.2 մլրդ աջակցություն: Ծառայություններ են մատուցվել 44 ջրoգտագործող ընկերությունների: 2010 թվականի համեմատ նշված ծախսերի 12.1տոկոսով կամ Դ576.5 մլն-ով նվազումը պայմանավորված է ըստ տարիների սուբսիդիայի կրճատման սցենարի:

Ոռոգման համակարգերի հիմնանորոգմանն ուղղվել է Դ1.2 մլրդ` ապահովելով 97.9տոկոոս կատարողական: Շեղումը պայմանավորված է ծառայությունների մատուցման ավելի ցածր արժեքով:

2011 թվականին շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան Դ6.6 մլրդկամ ծրագրով նախատեսվածի 74.6տոկոսը` 2010 թվականի համեմատ 34.6 տոկոսով կամ Դ1.7 մլրդ-ով ավել` հիմնականում պայմանավորված արտաքին աջակցության ավելացմամբ:

Աղբահանության գծով կատարված ծախսերը կազմել են Դ43.1 մլն, օդի աղտոտման դեմ պայքարին ուղղվել է Դ121.6 մլն:

Կենսաբազմազանության և բնության պաշտպանության ծրագրերին ուղղվել է Դ5.2 մլրդ` 73.8տոկոսով կատարելով տարեկան ծրագիրը: Այդուհանդերձ 2010 թվականի համեմատ արձանագրվել է ծախսերի 44.5տոկոսով աճ:

Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններին տրամադրվել է Դ125.2 մլն` 99.8 տոկոսով կատարելով տարեկան ծրագիրը:

ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող Սևանա լճի բնապահպանական վարկային ծրագրի համաձայն` կատարվել են Դ697.9 մլն-ի ծախսեր, որից Դ528.7 մլն-ը հատկացվել է վարկային միջոցներից, Դ169.2 մլն-ը` ՀՀ կառավարության կողմից:

Աբու-Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել են 2.8 մլրդ դրամի ծախսեր, որից Դ825.3 մլն-ը հատկացվել է վարկային միջոցներից, 2 մլրդ դրամը` ՀՀ կառավարության կողմից, ապահովելով ծրագրի 100.6 տոկոս կատարողական:

Այլ դասերին չպատկանող շրջակա միջավայրի պաշտպանության դասի ծախսերը հաշվետու տարում կազմել են ավելի քան Դ1.2 մլրդ կամ ծրագրվածի 75.6 տոկոսը:

Վերը նշված մի շարք ծրագրային շեղումները, ըստ ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի, պայմանավորված են ոռոգման և գյուղատնտեսության բնագավառներում արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի ցածր կատարողականով:

Մեկնաբանել