Մեծ ֆինանսներով ՌԴ-ն փորձում է ազդել մեր ընտրությունների վրա. Սաակաշվիլին բողոքել է ՄԱԿ-ում

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օգտագործել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի իր ելույթը, որպեսզի աշխարհի ուշադրությունը հրավիրի Ռուսաստանի արարքների վրա. այս մասին հաղորդում է Interfax գործակալությունից:

«Ես ստիպված եմ ձեր ուշադրությունը հրավիրել իմ երկրի անվտանգության նկատմամբ արտասահմանից հրահրվող սպառնալիքի վրա: ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հաղորդել են, որ Ռուսաստանն ապօրինաբար ավելացնում է իր ուժերը վրացական գրավյալ տարածքներում` Հարավային Օսեթիայում, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Վրաստանի մաս», – ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնելով, որ Վրաստանում շուտով խորհրդարանական ընտրություններ են, Վրաստանի նախագահն ասել է. «Չի կարելի պատկերացնել առավել հրահրող և անպատասխանատու վերաբերմունք, քան որևէ ազգի կյանքում նման առանցքային պահին զինուժի կուտակումն է»:

Իր կարծիքով`Ռուսաստանը բավական ֆինանսական միջոցներ է ներդրել, որ ազդի վրաստանյան ընտրությունների արդյունքների վրա: «Վրացական նախընտրական գործընթացին Ռուսաստանը միլիոնավոր դոլարներ է ներարկել», – ասել է նա:

Սաակաշվիլին Վրաստանի ընկերներին և դաշնակիցներին կոչ է արել ուշադրություն դարձնել իրադարձությունների նման ընթացքին: «Ձեր զգոնությունը և մասնակցությունն անհրաժեշտ են, որ պատմությունը չկրկնվի, և 2012 թվականը չվերածվի 2008-ի կամ 1921 թվականի, երբ Ռուսաստանը վերջին անգամ վերջ դրեց մեր անկախությանը», – ասել է Վրաստանի նախագահը:

Մեկնաբանել