2020-ի պատերազմը պետությունը դիմավորել է ընդամենը վեց ԱԹՍ-ով

Գևորգ Թոսունյան

2020-ի 44-օրյա պատերազմից առաջ պաշտպանության նախարարությունում ու Գլխավոր շտաբում սկսել են կռահել, որ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են լայնածավալ գործողությունների, այդ մասին հուշել է F-16-երի ներկայությունը Ադրբեջանի տարածքում․ նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։

Նրա խոսքով՝ «F-16-ի խոցումը պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության միջոցների կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշվել էր չսադրել իրավիճակը»։

Տոնոյանը հիշեցրեց, որ 2020-ի պատերազմից առաջ թուրքական F-16-երը տեղափոխվեցին Գանձակ (Գյանջա)։ Հուլիսի 31-ին թուրքական օդուժի F-16 բազմաֆունցիոնալ կործանիչները ժամանեցին Ադրբեջան՝ մասնակցելու TurAz Qartalı-2020 համատեղ զորավարժություններին, որից հետո մնացին Ադրբեջանի տարածքում։

«F-16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա ինձ հուշեց, որ վարժանքի նպատակով չի։ Երբ ամեն օր գրեթե չորս ինքնաթիռ 4-8 ժամվա մեջ գտնվում էին օդում ու մինչև 25 կմ մոտենում էին Արցախին, անգամ ժամանակ էր լինում, որ Պաշտպանության բանակի ՀՕՊ-ն էր միանում, ավելացան մեր մտահոգությունները։ Երբ F-16-երը ռոտացիայի ենթարկվեցին, և ոչ միայն օդաչուները, այլ ինքնաթիռները ռոտացիայի ենթարկվեցին, սա նշանակում էր, որ մշտական ներկայություն էր կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- ասաց Տոնոյանը։

Պատերազմը պետությունը դիմավորել է ընդամենը վեց միավոր ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ով

Հարցուպատասխանից պարզ դարձավ, որ թեև, ըստ զեկույցների, Հայաստանի ռազմարդյունաբերությունը ունակ էր ապահովել անօդաչու թռչող սարքերի՝ բանակի պահանջարկը, պատերազմից առաջ ու դրա ընթացքում այս խնդիրը բացարձակապես չի իրագործվել։

«Ո՞րն է պատճառը, որ 44-օրյա պատերազմը մեր զինված ուժերը դիմավորել են իրենց կազմում ունենալով ընդամենը վեց միավոր ինքնաթիռային տիպի ԱԹՍ, այն էլ՝ առանց դրանց կիրառման պլանավորման»,- նման հարց հնչեցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Տոնոյանը պատասխանեց, որ «քանակական առումով Հայաստանը սահմանափակ է եղել»։

«Երկար տարիներ, ոչ միայն 2018-ից, փորձեր են արվել ձեռք բերելու, փորձեր են արվել Հայաստանում արտադրելու, որոշ հաջողությունների հասել ենք, բայց այդ հաջողությունը ռազմարդյունաբերական լեզվով ասած՝ սերիա չէր մտել»,- ասաց Տոնոյանը։

Պաշտպանության նախկին նախարարը նաև հայտնեց, որ Իսրայելից Հայաստանին պետական մակարդակով ԱԹՍ-ների վաճառքի կամ գործարանի կառուցման առաջարկ չի եղել։ Ըստ նրա՝ որոշակի մասնավոր պայմանավորվածություններ եղել են, սակայն դրանք արդյունք չեն տվել։

Հարց հնչեց, թե ինչու է Դավիթ Տոնոյանի հրամանով լուծարվել Զինված ուժերի կենտրոնական ենթակայության ինքնաթիռների դեմ պայքարի գումարտակը, իսկ դրա կազմից ԱԹՍ-ների ու թուրքական F-16 ինքնաթիռների դեմ պայքարի «Կռասնուխա» կայանների փոխարինող միջոցները հանվել են մարտական հերթապահությունից և ոչնչացվել։

Տոնոյանը պատասխանեց, որ «նորերն արդեն մատակարարվել էին կամ մատակարարման ընթացքի մեջ էին», այդուհանդերձ, նա կարծիք հայտնեց, որ հստակ պարզաբանում կարող է տալ պատասխանատու ստորաբաժանումը։

Զորահավաքը պատերազմի ընթացքում ու դրանից հետո չի դադարեցվել

Դավիթ Տոնոյանին հարցեր ուղղեցին նաև զորահավաքի մասին։ Նա պնդեց, որ կեղծ տեղեկություն է շրջանառվել, թե իբր զորահավաքը կանգնեցվել է պատերազմի չորրորդ օրը։

«Համալրումն իրականացվել է ամբողջ ընթացքում, անգամ հետո։ Այդ շահարկումը, կարծում եմ, կապված է կամավորական ջոկատների ներգրավման հետ։ Պաշտոնական զորահավաքը երբևէ չի դադարեցվել»,- ասաց Տոնոյանը։

Քննարկվեց նաև բանակի հետ ներդաշնակեցման հարցը, հանձնաժողովի անդամներից Դավիթ Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ կարգով է պահեստազորը տարվել առաջնագիծ՝ ներդաշնակեցումից հետո՞, թե՞ միանգամից։

«Մենք ընթացքում երկարացրինք այդ ժամանակահատվածը։ Հանրությունը թող իմանա՝ 44 օրը չնչին ժամանակաշրջան է այդ մակարդակի պատերազմի մեջ մտնելու ու զորահավաքային հարցերին արձագանքելու առումով։ Մենք 1992-94-ը բազում 44-օրյաներ ենք ունեցել, որոնք անհաջող են եղել, հետո մենք վերականգնել ենք մեր բնագծերը»,- ասաց Տոնոյանն ու գնահատական տվեց, որ զորահավաքային հարցերը խնդրահարույց են եղել, իսկ լուծումները առաջարկեց ներկայացնել փակ նիստի ընթաքում։

Մեկնաբանել