Եվս տասը բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 10 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, հայտնել է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Նշված 10 բուժառուները ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում։ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։

***

11-օրյա լիակատար արգելափակումից հետո երեկ՝ օգոստոսի 8-ին, ևս 11 բուժառու Արցախից տեղափոխվել էին Հայաստան։ Վագիֆ Խաչատրյանի առևանգման միջադեպից հետո սա Արցախից բուժառուների տեղափոխման առաջին դեպքն էր։

Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Նրան ԿԽՄԿ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են հարցաքննելու, իսկ որոշ ժամանակ անց ԿԽՄԿ-ի ներկայացուցչին վերադարձրել են, իսկ Վագիֆ Խաչատրյանին տեղափոխել էին Բաքու։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։

Մեկնաբանել