ԵՄ-ն Հայաստանին €43 մլն կտրամադրի

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրել են ֆինանսական համաձայնագրեր, որոնցով Հայաստանին ընդհանուր առմամբ կտրամադրվի €43 մլն օժանդակություն, հաղորդում են կառավարության լրատվական ծառայությունից:

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կշարունակի կիրառվել «ավելին ավելիի» դիմաց սկզբունքով: Նա հիշեցրել է, որ 2012թ. Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է €60 մլն ու ևս €15 մլն՝ հենց «ավելին ավելիի» դիմաց սկզբունքի շրջանակում: Միաժամանակ` Ֆյուլեն առաջարկել է Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը փոխարինել Ասոցացման օրակարգով:

Վարչապետը, իր հերթին, նշել է, որ Հայաստանի առաջնային նպատակներից մեկը ԵՄ-ի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն է: Նա առանձնացրել է այդ ուղղությամբ կատարվող բարեփոխումների և երկկողմ բանակցությունների հաջող ընթացքը:

«Ես տեսնում եմ կատարված բարեփոխումների ծավալը: Մենք կշարունակենք հնարավորինս արդյունավետորեն օգնել ձեզ, որպեսզի բարեփոխումների ներուժը բարձր լինի», ասել է եվրահանձնակատարը:

Ֆյուլեի խոսքով` Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի ստորագրման բանակցություններում, և դրանց ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն մոտ ապագայում:

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հարցը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵՄ-ն պետք է հստակ ընդգծի, որ չի հանդուրժի ուժի կիրառում, հակառակ պարագայում՝ այդ սկզբունքը խախտողի նկատմամբ կկիրառի միջազգային պատժամիջոցներ:

Մեկնաբանել