«Ֆիրդուսնոց»-ը կքանդվի

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է ՀՀ անունից «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ կնքել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (խմբ. «Ֆիրդուսնոց») սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր, որից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը, հաղորդում են կառավարության լրատվական ծառայությունից:

Ծրագրի իրականացմամբ մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային բնակֆոնդը, որի փոխարեն կառուցվելու են բազմագործառնական միջին և բարձր հարկայնությամբ շենքեր և շինություններ։

Միաժամանակ` կառավարությունը որոշում է ընդունել «Երևան քաղաքի Կոնդ թաղամասում որոշ տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու իրավական ռեժիմն օրենքի ուժով վերանալուց բխող միջոցառումների մասին»` լուծելով երկու խնդիր` ա) գերակա հանրային շահ ճանաչված տարածքում չիրացված գույքի մասով վերացնել այդ իրավական ռեժիմը` սեփականատերերին հնարավորություն տալով իրենց գույքը տնօրինել ընդհանուր հիմունքով, բ) իրացված, սակայն չքանդած տների մասով սեփականության իրավունքը ձեռք բերողից վերադարձնել բնակիչներին։

Մեկնաբանել