Հօգուտ ՔՊ-ի վերջնարդյունքով համայնքային ընտրությունների հակասական շարք՝ երևանյան ընտրությունից առաջ

Լուսանկարում՝ պատկեր 2021-ի հունիսից․ խորհրդարանական արտահերթ ընտրություններում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարգախոսն էր «Ապագա կա»։

Մկրտիչ Կարապետյան

Օգոստոսի 23-ին մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Մրցապայքարի է մտել 13 կուսակցություն և մեկ դաշինք։ Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը (ՔՊ) ավելի քան 1,5 տարի առաջ արդեն հայտարարել է, որ ավագանու ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ՔՊ-ն 2021-ի դեկտեմբերին պաշտոնազրկեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և քաղաքապետ ընտրեց քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանին։ 2022-ի սեպտեմբերին քաղաքապետի տեղակալ նշանակվեց Տիգրան Ավինյանը։ Այս տարվա մայիսին Հրաչյա Սարգսյանը անհասկանալի հիմնավորումներով հրաժարական տվեց։

Կառավարությունը ընտրություններից առաջ ահռելի միջոցներ սկսեց հատկացնել քաղաքապետարանին՝ մետրոյի նոր կայարանի կառուցման համար նախագծի գումարներից մինչև այգիների բարեկարգման ու մանկապարտեզների վերանորոգման համար գումարներ։ Քաղաքապետարանի աշխատանքը սկսեց պտտվել Տիգրան Ավինյանի շուրջ։ Նրան լուսաբանելը Հանրային հեռուստաընկերության համար դարձավ առաջնահերթություն։ Տրանսպորտի բարեփոխումներ, այգիների բարեկարգում, մանկապարտեզների վերանորոգում, Կոնդի վերակառուցման ծրագիր, այցեր ծննդատներ ու ցուցահանդեսներ և այլն․ բոլոր այս գործընթացների ու միջոցառումների կիզակետում հայտնվեց Ավինյանը։ Խոցելի հիմնավորումներով նա սկսեց վարել նաև քաղաքապետարանի գործակարգավարական նիստերը՝ չլինելով քաղաքապետ։

2021-2022 թվականներին Հայաստանի մի շարք համայնքներում անցկացված ընտրություններում ՔՊ-ն բազմաթիվ համայնքներում չկարողանալով հասնել հաղթանակի՝ ժամանակի ընթացքում տարբեր խարդավանքներով ու ազդեցություններով կարողացել է հասնել նրան, որ համայնքապետ դարձնի իր թեկնածուին։ Երևանյան ընտրություններից առաջ ՍիվիլՆեթը ի մի է բերել ՔՊ-ի այդ «փորձառության» մի քանի ցցուն օրինակ։

Թալին

2021-ի դեկտեմբերին Թալինում կայացան ավագանու ընտրություններ։ ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորում էր Տավրոս Սափեյանը։ Ընդդիմությունը ներկայացված էր երեք կուսակցություններով՝ Զարթոնք, Մեր համայնքը և Հայք։ Ընտրություններում ՔՊ-ն հավաքեց ձայների 46,6 տոկոսը, որը բավարար չէր մեծամասնություն ձևավորելու և համայնքապետ ընտրելու համար։ Ավագանի անցած մյուս երեք ուժերը միավորվեցին և համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեցին Հայք կուսակցության ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանին։ Երեք ուժերի մանդատները բավարար էին Գրիգորյանին համայնքապետ ընտրելու համար։ Ավագանու առաջին նիստին զուգահեռ չէին դադարում տեղեկություններն այն մասին, որ քրեական հեղինակությունները ճնշումներ են գործադրում Կարեն Գրիգորյանի վրա, որպեսզի նա չընտրվի համայնքապետ։ Դեկտեմբերի 13-ին Զարթոնք կուսակցությունը հաղորդեց, որ Թալինում իր երեք կողմնակիցները բերման են ենթարկվել։ Ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավար առաջադրված Կարեն Գրիգորյանը ինքնաբացարկ հայտնեց։ Նրա ու ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանի՝ այս նիստում ունեցած երկխոսությունը վկայում էր, որ Թալինում գործընթացները կապ չունեին գործող ընտրակարգի հետ։ Կարեն Գրիգորյանը դիմում էր Սափեյանին. «Տավրոսը լավ գիտի, որ Կարենը անցած ա, ճի՞շտ ա։ Տավրոս ջան, ես քեզ ասում եմ՝ իմանալով հանդերձ, քեզ ասել եմ բազմիցս, դու գիտես, որ դուք քաղաքապետ չես։ Տավրոս, դու գիտես, չէ՞, որ էս քո համար չի արվում։ Գիտե՞ս, մի հատ բարձրաձայնի, ես ամբողջ ծանրությունը վերցնելով իմ վրա՝ ոչ մեկին վատ վիճակի մեջ չդնելով անում եմ սա»։ «Էդ ամեն ինչը գիտեմ, ցավդ տանեմ»,- արձագանքում էր Սափեյանը։ Ի վերջո ՔՊ-ին հաջողվեց Տավրոս Սափեյանին դարձնել համայնքապետ։

Վանաձոր

2021-ի դեկտեմբերին Վանաձորի ընտրություններում ամենաշատ ձայնը հավաքեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքը։ Տասն օր անց դաշինքի առաջին համարը և գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, կալանավորվեց։ Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Դրան հաջորդեց Էդմոն Մարուքյանի ղեկավարած Լուսավոր Հայաստանի կողմից վարչական դատարան հասցեագրված բողոքը։ Կուսակցությունը, որին ՏԻՄ ընտրություններում մի քանի ձայն չէր հերիքել ավագանիում ներկայացված լինելու համար, դիմել էր դատարան՝ որպես անճշտություն դասակարգված քվեաթերթիկներն իրենց քվեներին գումարելու համար։ Դատական այս գործը դեռ ընթանում է, դրան զուգահեռ դատարանը որոշեց Վանաձորի ավագանուն թույլ չտալ ավագանու նիստով նոր համայնքապետ ընտրել։

2022-ի փետրվարին Լոռու մարզպետը խոսեց Վանաձորի համայնքապետարանում խոշոր խախտումների մասին։ 2022-ի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակվեց Արկադի Փելեշյանը՝ «Ակա» մականունով։ Եթե Ասլանյանը մեղադրվում էր պաշտոնեական կեղծիք կատարելու համար, ապա Փելեշյանը նախկինում դատապարտվել էր խուլիգանության համար, մասնակցել մի հոգևորականի ծեծի և այլն։

Բերդ

2022-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Տավուշի մարզի Բերդ համայնքում։ ՔՊ-ի հիմնական մրցակիցը Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած Զորավոր համայնք դաշինքն էր։ Մինչև ընտրությունների անցկացումը Մանուչարյանը կալանավորվեց ապօրինի շինարարությունը չդադարեցնելու, պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։ Երկու այլ թեկնածու ևս կալանավորվեց։ Ընտրությունների արդյունքում մանդատների 51 տոկոսը բաժին հասավ Զորավոր համայնքին, ութը՝ ՔՊ-ին, երկուսը՝ Արժանապատիվ սերունդ կուսակցությանը։

Զորավոր համայնքի առաջին համարը ինքնաբացարկ հայտնեց։ Մինչ համայնքի ղեկավարի ընտրության հարցով նիստը Զորավոր համայնք դաշինքն ահազանգում էր ճնշումների մասին, կալանավորվեց ավագանու ցուցակի անդամներից Սամվել Հովսեփյանը։ Այնուհանդերձ, Զորավոր համայնքը կարողացավ ընտրել համայնքապետ։ Այժմ Բերդում համայնքապետը Զորավոր համայնքից Աստղիկ Հակոբյանն է։

Վարդենիս

Վարդենիսում ՔՊ-ի պարտությունը տևական ժամանակ հանգիստ չէր տալիս այնտեղ իշխանության ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանին։ ՔՊ-ի մրցակիցը Վարդենիսում «Ահարոն Խաչատրյան» ու Միասնական Վարդենիս դաշինքներն էին։ Վերջին երկուսը միանալով՝ ստանում էին 14 մանդատ, որը բավական էր համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու և ընտրելու համար։ ՔՊ-ն նրանց զիջում էր մեկ մանդատով։

ՔՊ թեկնածու Արամ Մելքոնյանը նախ դատական կարգով փորձեց բողոքարկել արդյունքներն ու պահանջել անվավեր ճանաչել ավագանու նիստում Ահարոն Խաչատրյանին համայնքի ղեկավար ընտրելու որոշումը։ Ահարոն Խաչատրյանն ընտրվել էր ավագանու նիստում, սակայն նրա երդմնակալությունը կազմակերպվել էր համայնքապետարանի բակում։ Արամ Մելքոնյանը, որ այդ պահին համայնքապետ էր, արգելել էր երդմնակալությունը կազմակերպել համայնքապետարանի շենքում։ Վարդենիսում ավագանու նիստերը, որտեղ որոշվում էր համայնքապետի հարցը, ընթանում էին ընդհարումներով, բախումներով։ Մի քանի անգամ այդ բախումների ժամանակ բերման ենթարկվեցին նաև Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները։

Վեդի

2021-ի դկտեմբերին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Արարատի մարզի Վեդի համայնքում։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նրա հիմնական մրցակիցը Իմ հզոր համայնք կուսակցությունն էր, երրորդ առաջադրվողն էլ Արամ Սարգսյանի գլխավորած Հանրապետություն կուսակցությունն էր։ Ընտրություններում ամենաշատ ձայնը հավաքել էր Իմ հզոր համայնքը, ձայների քանակով երկրորդը ՔՊ-ն էր, երրորդը՝ Հանրապետությունը։

Հանրապետության և Իմ հզոր համայնքի միջև կոալիցիան չստացվեց, համայնքի ղեկավար այդպես էլ չընտրվեց։ Վեդիում նշանակվեցին նոր ՏԻՄ ընտրություններ։ Երկրորդ փորձից հաղթեց ՔՊ-ն՝ 2022-ի մարտին կայացած ընտրություններում հավաքելով մոտ 56 տոկոս ձայն։ Համայնքի ղեկավար դարձավ Գարիկ Սարգսյանը։

Ախուրյան

ՏԻՄ ընտրություններից 1,5 տարի անց ՔՊ-ն համայնքի ղեկավար կարողացավ նշանակել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Այստեղ 2021-ին անցկացվել էին ընտրություններ, ՔՊ-ն, սակայն, մեծամասնություն ձևավորել չէր կարողացել։ ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը Հաղթանակ դաշինքի օգնությամբ ընտրվել էր համայնքապետ։ Ընդդիմադիր Ախուրյան դաշինքի անդամներից մեկն այս ամռանը վայր դրեց մանդատը, նրան փոխարինեց դաշինքի ցուցակով մյուս անձը, որը մանդատը ստանալով՝ լքեց խմբակցությունը։ Նրան էր միացել Իգիթյանի հենարանը համարվող դաշինքի մեկ այլ անդամ՝ Սամսոն Հովհաննիսյանը։ Այս հանգամանքը, ըստ էության, ՔՊ-ին թույլ էր տալիս իր թեկնածուին դարձնել համայնքի ղեկավար։ Ի վերջո, համայնքապետ դարձավ ՔՊ-ական Զավեն Մանուկյանը։ Իգիթյանն ու նրա կողմնակիցները պնդում են՝ ավելի քան մեկ տարի իրենց նկատմամբ ճնշումներ են եղել, ՔՊ-ն փորձել է Ախուրյանի ավագանիում մեծամասնություն ձևավորել։

ՔՊ-ն գործընթացներն Ախուրյանում համարել է քաղաքական, իրեն ուղղված մեղադրաքներին էլ պատասխանել՝ Իգիթյանի թիմում էին ներքին խնդիրներ առաջացել։ Արծրուն Իգիթյանն իր հրաժարականը պաշտոնապես հիմնավորել է առողջական խնդիրների առկայությամբ։

Ալավերդի

Հիմնավոր կասկածներ կան, որ Ախուրյանում իշխանափոխության հասցնելու սցենարը ՔՊ-ն փորձում է պրոյեկտել մեկ այլ համայնքի՝ Ալավերդու վրա։ Այստեղ 2022-ի սեպտեմբերին ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում էր պատգամավոր Արեն Մկրտչյանը և նրա մրցակից Ապրելու երկիր կուսակցությունը ստացել էին հավասար՝ 13-ական մանդատ։ Մեկ մանդատ ստացել էր Հայ ազգային կոնգրեսը, և հենց այս ուժից էր կախված՝ ով է դառնալու համայնքապետ։ Ի վերջո, ՀԱԿ-ը օգնեց Ապրելու երկրին համայնքապետ ընտրել Արկադի Թամազյանին։ Թամազյանը պնդում է, որ ՔՊ-ն շուրջ մեկ տարի է՝ փորձում է արգելակել ընտրված տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքները։

Ինչպես Ախուրյանում, այնպես էլ Ալավերդիում վերջերս Ապրելու երկրի ավագանու մեկ անդամ լքել է խմբակցությունը և, համայնքապետի պնդմամբ, ավագանու նիստերին սկսել է չմասնակցել՝ ՔՊ-ի հետ միասին։

Տես՝ Միջկուսակցական խարդավանքներ Ալավերդու ավագանիում

Այս ամենից բացի՝ Լոռու մարզպետարանը շուրջ 40 աշխատակիցներից բաղկացած խումբ է ձևավորել Ալավերդու համայնքապետարանում ստուգումներ անցկացնելու համար։ Ապրելու երկրից հաղորդում են, որ մարզային իշխանությունները, իրավապահները նյութեր են որոնում Թամազյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում չի բացառել, որ Ալավերդու քաղաքապետի նկատմամբ կարող է անվստահության գործընթաց սկսվել։

ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում պարտվել է երկու խոշոր համայնքներում ևս՝ Կապանում ու Գորիսում։ Կապանում հաղթել է Շանթ դաշինքը՝ հավաքելով ձայների մոտ 69,5 տոկոսը, իսկ ՔՊ-ն՝ 28.8 տոկոսը։ Գորիսում հաղթել է Առուշանյան դաշինքը, որը ստացել է ձայների 60,3 տոկոսը։ Ի թիվս այլ հանգամանքների, այստեղ հավանաբար դեր է ունեցել ձայների մեծ թիվը ու հավանաբար նաև դա է պատճառը, որ ՔՊ-ն չի փորձել այս համայնքներում ևս իշխանափոխություն իրականացնել։

Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում նույնպես 2021-ին «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց «Բալասանյան» դաշինքին։ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Հովհաննես Հարությունյանն էր, ում հետագայում նշանակեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար։ Գյումրիում հաղթած «Բալասանյան» դաշինքն ու ՔՊ-ն, սակայն համաձայնության եկան ու համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Քաղաքապետ դարձավ «Բալասանյան» դաշինքի առաջին համարը՝ Վարդգես Սամսոնյանը, փոխքաղաքապետերի հաստիքներն էլ անցան ՔՊ-ին։

Մեկնաբանել