Մեկնարկել են Երևան-Կապան թռիչքները

Այսօր՝ օգոստոսի 21-ին, առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքները։ Այդ մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

«Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։ Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը»,- ասված է մարզպետարանի հայտարարությունում։

Երևան-Կապան ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Տոմսերի արժեքը սկսում է 20 000 դրամից։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին Երևան-Կապան ավիաչվերթով այցելել էր Սյունիքի մարզ: Սյունիքի մարզպետարանում քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր հաջորդ շաբաթվանից Երևան-Կապան կանոնավոր չվերթներ իրականացնելու մասին։

Օգոստոսի 18-ին՝ ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից ավտոմեքենայով մոտեցել են Կապանի օդանավակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը իր թվիթերյան էջում գրել էր, որ օգոստոսի 19-ին ադրբեջանական կողմը կրկին թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։

Մեկնաբանել