«ԵԹՖ»-ի ձվերը շեղումներ ունեն մի քանի ցուցանիշներով

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ իրենց կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերում հայտնաբերվել են շեղումներ մի շարք ցուցանիշներով (կճեպի մաքրության ցուցանիշով խախտումներ (ՀՍՏ 182-99 3.2.10), սպիտակուցը՝ ոչ խիտ, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվող), առկա է թարմ ձվին ոչ բնորոշ սպեցիֆիկ հոտ) որոնք կարող են նաև մանրէաբանական ցուցանիշներով շեղումների (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել) պատճառ դառնալ:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ին իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. և 13.09.12թ. օրերին արտադրված,«Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ. արտադրված, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. և 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը ևս հանդիսանում էին ոչ թարմ:

Մեկնաբանել