Ադրբեջանի հետ հնարավոր բախման ու նոր զոհերի ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանինն է

Հայաստանի յուրաքանչյուր նորմալ քաղաքացու սիրտ ցավում է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի համար։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումն արդարացում չունի։

Ուկրաինական պատերազմի մեկնարկից երկու տարի անց Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն անձամբ կփոխանցի վարչապետի տիկինը Կիևում։

Այդ օգնությունը ոչ թե Ուկրաինայի նկատմամբ Հայաստանի կառավարության կարեկցանքի արտահայտությունն է, այլ քաղաքական ժեստ է Կրեմլի դեմ, որի հետ հարաբերությունները վերջին ամիսներին ու հատկապես օրերին իջել են ամենացածր կետին Հայաստանի անկախությունից ի վեր։

Տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իտալական La Repubblica թերթին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի ներկայացուցչի հետկանչը, Հայաստանում մոտ օրերս հայ-ամերիկյան զորավարժության անցկացումը Ռուսաստանի դեմ ակնհայտ քայլերի շարքից են։ Դրանց գումարվել է վերջին օրերին Հայաստանի ու Ռուսաստանի միջև պաշտոնական մակարդակով կշտամբանքների փոխանակումը։

Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը չի կարողացել կամ չի ցանկացել Հայաստանին տրամադրել աջակցություն, որը բխում է Հայաստանի հետ նրա երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերից։ Դրանք վերաբերում են թե՛ ռազմական ու քաղաքական աջակցությանն ընդդեմ Ադրբեջանի ոտնձգությունների, թե՛ Լաչինի միջանցքով երթևեկության ապահովմանը, թե՛ այլ բաների։

Ներկայում ամենակարևոր հարցը, սակայն, այն է, թե քաղաքական ինչ հաշվարկների հիման վրա է Հայաստանն առճակատվում Ռուսաստանի հետ։ Կամ հույզերից ու վիրավորվածությունից անդին Հայաստանի ղեկավարությունն ունի՞ արդյոք հնարավոր վնասի ու կորստի գիտակցում։

Ռուսաստանը մի երկիր է, որը Հայաստանին և՛ օգուտ, և՛ վնաս տալու մեծ հնարավորություններ ունի։

Մի երկիր է, որն այստեղ ունի ռազմավարական շահեր ու ռազմական կոնկրետ ներկայություն գետնի վրա։

Մի երկիր է, որը միջոցների խտրություն չի դնելու իր նպատակին հասնելու համար։

Մի երկիր է, որը կարող է Ադրբեջանի առաջ կանաչ լույս վառել Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի համար։ Եթե մենք արհամարհենք հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ զորքեր տեղակայելու նրա առաջարկը, այդ վտանգը կարող է նյութականանալ։

Ի՞նչ վիճակում է հայկական բանակը։ Այն ոտքի՞ է կանգնել 2020-ի պարտությունից հետո և կարո՞ղ է արդյոք դիմակայել Ադրբեջանին։ Բանակում մարտական ու հատկապես ոչ մարտական մահերի ծանր վիճակագրությունը, սահմանային միջադեպերի ժամանակ նորանոր կորուստները ու մի շարք այլ հանգամանքներ հիմք են տալիս պնդելու, որ Ադրբեջանի հետ նոր առճակատումը տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երիտասարդ կյանքեր է արժենալու։

Եթե Հայաստանի ղեկավարությունը անվտանգային նոր գործընկերների իր որոնումներում հաջողել է և կարողանալու է առճակատումը կանխել ու խուսափել մարդկային ու տարածքային նոր կորուստներից, ես միայն ուրախ կլինեմ։ Ավաղ, նախորդ հինգ տարիների փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականության մեջ չի առաջնորդվում սառը հաշվարկներով։

Հայաստանի շուրջ իրավիճակը պետք չէ բարդ տեքստերով նկարագրել։ Այն շատ պարզ է։ Պուտինը քավոր է կանգնել նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որի կետերից մեկով Հայաստանը պարտավորվել է ճանապարհ (ոչ միջանցք) տալ Ռուսաստանին (ՖՍԲ-ին), որով կանցնեն ադրբեջանցիները, ինչպես որ Լաչինի միջանցքով անցնում էին հայերը՝ ռուսների վերահսկողությամբ։ Շեշտեմ, որ տարածաշրջանում ընդհանուր կոմունիկացիաների բացումը առանձին կետ է։

Հայաստանը հնարավորություն ունի՞ չկատարելու այդ կետը՝ պահանջելով կատարել մյուս կետերը (օրինակ՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը)։ Այդ կետը չկատարելու հետևանքը կարծես եղել է Արցախի որևէ տեսակի սուբյեկտայնությունից հրապարակային հրաժարումը, այդ կետը չկատարելու հետևանքը Արցախում խորացող սովն է։

Ինչ խոսք, ես կուզեի, որ Հայաստանը կարողանար խուսափել նոյեմբերի 9-ի փաստաթղթից։ Սակայն յուրաքանչյուր հաջորդ փաստաթուղթ շատ ավելի վատն է լինելու։ Հրաժարումը ծանր գին է արժենալու մեզ համար։ Նախորդ սյունակում ես գրել եմ այդ մասին՝ Մեր ընտրությունը վատի ու վատթարագույնի միջև է։

Շատ լավ կլիներ, որ մեր դաշնակիցը լիներ ԱՄՆ-ը, որը միգուցե օգներ մեզ դառնալ Հարավային Կորեայի կամ Թայվանի նման մի երկիր՝ իր անվտանգային հովանոցի ներքո։ Կամ գոնե կարողանայինք դառնալ Չեխիա՝ ամուր ժողովրդավարությամբ ու բարեկեցիկ կյանքով։ Քաղաքական «քյանդրբազությունը», սակայն, Հայաստանն ավելի շուտ կարող է վերածել Սիրիայի։

Իսկ Ռուսաստանն այն է, ինչ որ է՛։ Ինչպես որ Թուրքիան ու Ադրբեջանն այն են, ինչ որ ե՛ն։

Ամերիկացի զինվորականները կգան, կժպտան, կգովեն մեզ ու կգնան, իսկ մենք կմնանք վերևինների հետ մեն-մենակ։

Ադրբեջանի հետ ռազմական հնարավոր բախման արդյունքում Հայաստանի մարդկային ու տարածքային կորուստների ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանինն է։ Եթե, Աստված մի արասցե, վաղը մի քանի հարյուր զոհ ունենանք, դրա միակ ու գլխավոր մեղավորը լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի քաղաքացին ոչինչ չի կարող պահանջել և ակնկալել Պուտինից։ Հայաստանի քաղաքացին կարող է պահանջել միայն իր երկրի ղեկավարությունից։

Իհարկե, շատերը կսկսեն հայհոյել Ռուսաստանին ու չարագործ Պուտինին։ Բայց դրանով մարդկային ու տարածքային կորուստներն ու հայոց պետականության հիմքերի խարխլումը չես վերականգնի, դժբախտացած ընտանիքների վիշտը չես փարատի, Եռաբլուրի ընդլայնումը չես կանխի։

Հ․Գ․

Ոչ միայն որպես լրագրող, այլև որպես հետազոտող, որը ներգրավված է եղել և է՛ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին գիտական ու փորձագիտական վերլուծական աշխատանքներում, միանշանակ կարող եմ պնդել, որ եթե Փաշինյանը քաղաքական հասունություն դրսևորեր 2020-ի պատերազմից առաջ, չէինք ստանա պատերազմը; եթե քաղաքական հասունություն դրսևորեր պատերազմի ընթացքում, չէինք ունենա մարդկային ու տարածքային սարսափելի կորուստները, որ ունեցանք։

Մեկնաբանել