Պետական միջոցները չարաշահելու համար վրացական ընդդիմությունը մտադիր է իմպիչմենթ ներկայացնել վարչապետին

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը խորհրդակցությունների գործընթաց է սկսել ընդդիմադիր այլ խմբերի հետ՝ քննարկելու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին իմպիչմենտ ներկայացնելու հնարավորությունը կապված մեղադրանքների հետո, որ նա պետական ռեսուրսներն օգտագործում է անձնական նպատակներով։

Կիրակի «Լելո» կուսակցության պատգամավոր Լևան Սամուշիան Ղարիբաշվիլիին մեղադրել է պաշտոնը չարաշահելու մեջ և ընդդիմության մյուս անդամներին կոչ արել, որպեսզի աջակցեն վարչապետին իմպիչմենտ ներկայացնելու իրենց կուսակցության նախաձեռնությանը:

Սամուշիան մեջբերել է ԱՄՆ Ղարիբաշվիլիի կատարած ուղևորության վերաբերյալ «Փիրվելի» հեռուստաընկերության հետաքննությունը: Ըստ շաբաթ հեռարձակված հետաքննական նյութի՝ Ղարիբաշվիլին օգոստոսի 19-ին կառավարական ինքնաթիռով թռել է Մյունխեն, որտեղից էլ մեկ այլ ինքնաթիռով մեկնել ԱՄՆ: Ըստ հրապարակման՝ ինքնաթիռը մնացել է Մյունխենում մինչև օգոստոսի 28-ը, որպեսզի Ղարիբաշվիլին դրանով վերադառնա Վրաստան։

Ղարիբաշվիլիի այցը վեճի առիթ է դարձել Վրաստանում, քանի որ կառավարության քննադատները համարում են, որ վարչապետը պետական ակտիվներն օգտագործել է անձնական ճանապարհորդությունների համար:

Սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեն գրել է, որ Ղարիբաշվիլիին կարող են իմպիչմենտ ներկայացնել, եթե պարզվի, որ Սահմանադրության խախտում կա կամ ապացուցվի, որ նա մեղավոր է։

Նա հավելել է, որ ընդդիմությունից խորհրդարանում առնվազն 50 ձայն կպահանջվի իմպիչմենտի գործընթացն սկսելու համար, իսկ Ղարիբաշվիլիին պաշտոնանկ անելու համար կպահանջվի առնվազն 76 ձայն։

Երկուշաբթի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Ղարիբաշվիլիին իմպիչմենտի ենթարկելու «Լելո»-ի ծրագրերն անվանել է «շահարկում և անհեթեթություն», իսկ կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ընդդիմությանը մեղադրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ անելու մեջ։

Ներկայումս իմպիչմենտի գործընթաց է իրականացվում նախագահ Զուրաբիշվիլի նկատմամբ Եվրոպա պաշտոնական այցեր իրականացնելու համար, որոնք չեն արտոնվել կառավարության կողմից։

«Օրինակ, երբ խոսքը նախագահի իմպիչմենտի մասին է, քանի որ մենք իրականում ունենք շատ ծանր հանցագործություն, երբ նախագահը խախտում է Սահմանադրությունը։ Սա ամենադժվար հարցն է»,- ասել է Կալաձեն։

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» նույնպես դատապարտել է Ղարիբաշվիլիի այցը և նրան կոչ արել հրաժարական տալ։ Կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին հայտարարել է, որ վարչապետը նույնպես պետք է կալանավորվի։

«Ղարիբաշվիլին ոչ միայն պետք է հրաժարական տա, այնուհետև նրան փոխարինի [մշակույթի նախարար Թեա] Ցուլուկիանին կամ [Իրակլի] Կոբախիձեն, այլ նա պետք է կալանավորվի։ Այն, որ մենք կաջակցենք նրա հրաժարականին, պարզ է բոլորի համար, թեև այդ անձը նաև պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի այս կոնկրետ հանցագործությունների համար»,- ասել է Խաբեիշվիլին։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության հակակոռուպցիոն հարցերով քարտուղար Վասո Ուրուշաձեն և կուսակցության փաստաբան Լաշա Տկեշելաձեն երկուշաբթի դիմում են ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ Ղարիբաշվիլիի կողմից հնարավոր հանցագործությունները հետաքննելու համար, այն է՝ իշխանության չարաշահումը և կաշառք ստանալը:

Նույն օրը կուսակցության երիտթևի անդամները բողոքի ցույց են արել Թբիլիսիում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Ղարիբաշվիլիի հրաժարականը։

Ցույցի վայրից արված տեսանյութերից մեկում երևում է, որ երիտթևի քարտուղար Իգոր Նարմանիան բերման է ենթարկվում շենքի դիմացի հատվածում ներկով գետնին ինչ-որ բան գրելու համար։

«Այժմ այս գրությամբ Իրակլի Ղարիբաշվիլիին պետք է հիշեցնենք, որ նա ռուս է»,- ասում է Նարմանիան, ինչից հետո ոստիկաններն սկսում են քաշքշել նրան։

Կիրակի քաղաքացիական հասարակության վեց կազմակերպություններ Պետական անվտանգության ծառայություններին կոչ են արել հետաքննություն սկսել Ղարիբաշվիլիի կողմից պետական ռեսուրսների ենթադրյալ յուրացման վերաբերյալ:

Ղարիբաշվիլին դեռ չի մեկնաբանել իրեն իմպիչմենտ ներկայացնելու «Լելո»-ի մտադրությունը։

«Չարտերային սկանդալ»

«Փիրվելի» հեռուստաընկերության հետաքննության մեջ ասվում է, որ Ղարիբաշվիլին իր 18-ամյա որդու՝ Նիկոլոզ Ղարիբաշվիլիի հետ կառավարական ինքնաթիռով մեկնել է Մյունխեն։

Նիկոլոզ Ղարիբաշվիլին այժմ ուսանում է ԱՄՆ-ում։

Հինգշաբթի Ղարիբաշվիլիի այցի մասին լուրերի տարածվելուն պես Վրաստանի ռազմավարական հաղորդակցության դեպարտամենտը հայտարարել է, որ վարչապետի թռիչքները չեն ֆինանսավորվում պետբյուջեից։

«Վարչապետը ԱՄՆ մեկնել է մարդատար ինքնաթիռով, կանոնավոր, առևտրային չվերթերով տարբեր ավիաընկերությունների՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ մասնավոր այցերի ընթացքում»,- հայտարարել է գործակալությունը, որը հաստատել է, որ Ղարիբաշվիլին չարտերային թռիչքով է մեկնել «եվրոպական քաղաք»։

«Փիրվելի» հեռուստաընկերության հաղորդումից հետո վարչությունը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ՝ ընդդիմադիր հեռուստաընկերությանը մեղադրելով «ապատեղեկատվություն» տարածելու մեջ։

Հայտարարությունում բացատրվում էր, որ Ղարիբաշվիլիին Մյունխեն հասցրած ինքնաթիռը գտնվում է Պետական պահպանության հատուկ ծառայության (ՊՊՀԾ) հաշվեկշռում, և որ նա անձամբ է վճարել դրա օգտագործման համար։

ՊՊՀԾ-ը անվտանգության գործակալություն է, որի խնդիրն է պաշտպանել Վրաստանում բարձրաստիճան պաշտոնյաներին:

«ՊՊՀԾ-ն իրավունք ունի եկամուտներ ստանալու պետական և բյուջետային կառույցներից, ինչպես նաև ոչ պետական, առևտրային և մասնավոր անձանցից։ Նմանատիպ կոմերցիոն թռիչք նախկինում բազմիցս իրականացվել է»,- եզրափակում է հայտարարությունը։

«Փիրվելի»-ի հետաքննությունում նաև ասվում է, որ Ղարիբաշվիլին օգտվել է ՊՊՀԾ աշխատակիցների ծառայությունից կնոջ՝ Նունու Թամազաշվիլիի ծննդյան տարեդարձի ժամանակ։ ՊՊՀԾ ծառայողները դիմավորել են տարեդարձին մասնակցած հյուրերին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին (կենտրոնում), Նունու Թամազաշվիլին (աջից) և Նիկոլոզ Ղարիբաշվիլին (ձախից): Լուսանկարը՝ Իրակլի Ղարիբաշվիլիի Ֆեյսբուքյան էջից։

Ղարիբաշվիլին նախկինում ենթարկվել է խիստ հսկողության՝ իր աշխատավարձը գերազանցող չափազանց մեծ ծախսերի և գնումների համար. 2022-ի իր ֆինանսական հայտարարագրում Ղարիբաշվիլին նշել է, որ իր տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 45,000 լարի (մոտ 17,200 դոլար) և որ ևս 150,000 լարի (մոտ 57,300 դոլար) ստացել է իր ծնողներից:

«Փիրվելի»-ն 2021-ի վերջին հաղորդել էր, որ Վրաստանի ազգային անտառային գործակալությունը Բակուրիանիում 5958 քառակուսի մետր հանրային սեփականություն հանդիսացող անտառածածկ տարածքի վարձակալությունը փոխանցել է Ղարիբաշվիլիի կնոջը։

2020-ի ապրիլին, երբ մի քանի ամիս էր անցել, ինչ Ղարիբաշվիլին վերադարձել էր քաղաքականություն և զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, «Ազատություն» ռադիոկայանը հայտնեց, որ նա չի հայտարարագրել իր և իր կնոջ ձեռքի շքեղ ժամացույցների հավաքածուն, որը, ըստ տեղեկությունների, գերազանցում է 500,000 լարին (160,000 դոլար):

Մեկնաբանել