Որքան մարդ է Հնդկաստանից և Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան

2023-ի առաջին վեց ամիսներին 9 հազարից ավելի օտարերկրացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. ՍիվիլՆեթի զրույցում նշում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ այս տարի քաղաքացիություն ստանալու նպատակով դիմումների ստացման անցած տրավա բարձր տեմպը պահպանվում է:

«Գրեթե նույնական է ցուցանիշը: Անցած տարի քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումներ տվել էր 25 հազար անձ, որից ավելի քան 21 hազարը քաղաքացիություն ստանալու դիմումներն էին: Դատելով նրանից, որ այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշը հատել է 9 հազարը` հավանաբար մինչև տարվա վերջ կունենանք նույն ցուցանիշը, ինչ անցած տարի»,- նշում է Ղազարյանը:

Ըստ պաշտոնյայի՝ 2022 և 2023 թթ. քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումների թիվը ռեկորդային է:

«Հայաստանում քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների քանակի տարեկան միջինը մշտապես եղել է 4-5 հազար: 2019-20 թթ. այդ թվերն աճել էին` հասնելով 8-9 հազարի: Միտումն արդեն իսկ կար, բայց 2022-ին այդ թիվը հասել է 25 հազարի»,- ընդգծեց Արմեն Ղազարյանը:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը ներկայացրեց նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների թվային տվյալները։

2022 թվականի առաջին կիսամյակի տվյալների համաձայն` ՌԴ անձնագրով մարդկանց մուտքերի և ելքերի տարբերությունը դրական է՝ շուրջ 23 հազարով: Սա չի նշանակում, որ Հայաստանում այս պահին հենց 23 հազար ՌԴ քաղաքացի է հաստատվել: Ճիշտ այսքանով ավելացել է անցյալ տարի Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների քանակը:

«Մենք պետք է նայենք կացությունների ցուցիչները: Անցած տարվա ընթացքում 6 հազարից ավելին միայն աշխատանքի հիմքով օրինական բնակությունը հավաստող տեղեկանք են ստացել, ինչը վկայում է, որ այդ մարդիկ արդեն հաստատվել են այստեղ», – ասաց Արմեն Ղազարյանը։

Նա տեղեկացրեց, որ ըստ Միգարցիայի միջազգային կազմակերպության օժանդակությամբ 2022-ի կեսերին անցկացված հետազոտության` հարցին, թե որքան եք պլանավորում մնալ ՀՀ-ում, ՌԴ քաղաքացիների շուրջ 48%-ը ապատասխանել է` մեկ տարի և ավելի:

«Այդ ժամանակ Հայաստանում կար ռեալ մոտ 70 հազար ռուսաստանցի: Դա նշանակում է, որ նրանց առնվազն 48%-ը պլանավորում է մեկ տարի և ավել մնալ Հայաստանում», – նկատեց նա:

Խոսելով հիմնականում աշխատանքի նպատակով Հայաստան տեղափոխված Հնդկաստանի քաղաքացիների մասին` Ղազարյանը նշեց, որ 2022-ի տվյալով շուրջ 2 500 Հնդկաստանի քաղաքացիներ ունեցել են ՀՀ-ում օրինական բնակության կարգավիճակ:

Այս տարվա առաջին կիսամյակում նման կարգավիճակ է ստացել ևս 1 600 Հանդկաստանի քաղաքացի: Իսկ այս տարվա առաջին վեց ամիսներին Հնդկաստանի անձնագրերով քաղաքացիների ելքերի և մուտքերի դրական տարբերությունը եղել է 4 655:

Մեկնաբանել