Ազգային գրադարանի շինարարության գործով ձերբակալվել է նախկին պաշտոնյա

Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:

Նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Քրեական գործի քննությունը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: