Քննարկվել են ականազերծման խնդիրները

Այսօր կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի նախագահությամբ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից:

Նիստին մասնակցել են Ականազերծման գործողության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action) հայաստանյան ծրագրի ղեկավար Յոհաննես Օդենդալը և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը:

Յոհաննես Օդենդալը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ականազերծման գործողությունների օժանդակության նպատակով շվեյցարական կազմակերպության առաջարկությունը, որը ներկայացվել է ԱՄՆ պետքարտուղարության հավանությանը:

Քննարկման ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ականազերծման գործողություններում հումանիտար կարողությունների զարգացման, ականապատ տարածքների քարտեզագրման, հատուկ տեխնիկայի, այդ թվում` ականազերծման աշխատանքների նպատակով թռչող անօդաչու սարքերի կիրառման, ինչպես նաև միջազգային այլ դոնոր-կազմակերպությունների հետ համագործակցությունը հեշտացնելու նպատակով հոգաբարձուների խորհրդի ստեղծման հարցերը:

Յոհաննես Օդենդալը առանձնահատուկ նշել է շվեյցարական կազմակերպության հանձնառությունը Հայաստանի հետ մշակված ծրագրի առաջին փուլն իրականացնելու հարցում, ինչը հնարավորություն կտա հետագայում խորացնել և ընդլայնել համագործակցությունը հումանիտար ականազերծման ոլորտում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհուրդը բաղկացած է ՀՀ պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարների տեղակալներից և հանդիսանում է խորհրդակցական կոլեգիալ մարմին:

Մեկնաբանել