Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի դեմ. օր երկրորդ

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հրետանային կրակով թիրախավորելով նաև քաղաքներն ու խաղաղ բնակիչներին։ Հայկական կողմն ունի 32 զոհ, վիրավորների թիվն անցնում է 200-ը, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, թե իբր դիվերսիոն գործողությունների հետևանքով 6 ադրբեջանցի է զոհվել։ Արցախի պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիոն ներթափանցում անելու մասին Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրությունը։ Արցախում ու Արցախի շուրջ այսօրվա՝ սեպտեմբերի 20-ի, իրադարձություններին ՍիվիլՆեթը հետևում է հակադարձ ժամանակագրությամբ։ Սեպտեմբերի 19-ի իրադարձությունները՝ այստեղ։

15:14

Ստեփանակերտը հրադադարից հետո․ տեսանյութը՝ ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանի

14:14

Լեռնային Ղարաբաղի իշխանություների կողմից հայտարարության ընդունումը ընդունում ենք ի գիտություն․ քիչ առաջ հրապարակված տեսաուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ կարևոր խնդիր է հայության անվտանգությունը։ Ըստ Փաշինյանի՝ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, ուրեմն նրանք ամբողջությամբ ընդունել են հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը և պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որ պահպանվեն ԼՂ հայերի իրավունքները՝ ապրելու իրենց տներում, իրենց հողում։

«Այս հայտարարությամբ այդ պատասխանատվությունն է ամբողջապաես ստանձնվում։ Հույս ունենք, որ նման քայլ անելով՝ խաղաղապահ զորախումբը կկատարի իր պարտականությունները»,- ասաց Փաշինյանը։

«Իմ արձագանքն այն է, որ ՀՀ հետ կապ չունեցող տեքստում ՀՀ անունը հիշատակելը արդարացնում է այն վարկածը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանը ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ։ Գնահատականը մեկն է՝ եթե հնարավոր լիներ Հայաստանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը»,- շարունակեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «կշարունակեն հետևել զարգացումներին»․ «Վերջին տեղեկությունը, որ ստացել ենք՝ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չեմ կարող ասել, որ զրոյացել ա, և մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի»։

13:44

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ասել է, որ «խոսքը դե յուրե Ադրբեջանի տարածքում գործողությունների մասին է»։

Լրագրողները Պեսկովին հարցրել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին, որը Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։

«Մենք չենք ընդունում մեր հասցեին նման նախատինքները, հատկապես հայկական կողմի՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու պաշտոնական որոշումից հետո: Դե յուրե հիմա խոսքը գնում է Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին իր տարածքում, հետևաբար՝ նման մեղադրանքները մեր դեմ բացարձակապես անհիմն են»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Կրեմլը սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը։

13:02

Սեպտեմբերի 21-ին Եվլախում հանդիպում կկայանա ԼՂ հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման» հարցով։

12:58

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմալուծման ու ամբողջական զինաթափման և ԼՂ-ի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ։

12:50

Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

12:49

ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

12:27

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Vatican News-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ին Սուրբ Պետրոսի հրապարակում ընդհանուր ունկնդրությունից հետո Հռոմի պապը կոչ է արել ցած դնել զենքերը։

«Երեկ մտահոգիչ լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղից՝ Արևելյան Կովկասից, որտեղ արդեն իսկ առկա ճգնաժամային հումանիտար իրավիճակն ավելի է ծանրացել նոր զինված բախումների պատճառով։ Կոչս եմ ուղղում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը, որպեսզի լռեն զենքերն ու գործի դրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու, հարգելու մարդկանց կյանքն ու մարդկային արժանապատվությունը»,- նշել է Հռոմի պապը։

12:01

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, Լեռնային Ղարաբաղից տարհանել կանանց և երեխաներին. Հայաստանի ՄԻՊ

11:59

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ Արցախում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կա 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։

11:24

Արցախի նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են նաև Արցախի նախկին նախագահները։

11:17

Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարությունը․

«Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում: Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ»։

11:12

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ․ «Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը»։

11:02

«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները»․ Միրզոյանը հանդիպել է Բորելին

10:39

Ստեփանակերտն այսօր առավոտյան։

10:16

Ճապոնիան մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։

Կանադան ևս Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և զերծ մնալ խաղաղ բնակչության համար վտանգ ներկայացնող քայլերից։

10:07

Արցախում մարտերը շարունակվում են։ Տեսանյութը՝ Ստեփանակերտից

9:47

Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է: 9-ամսյա բլոկադայի` սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների բացակայության պայմաններում` արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են: Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց, որովհետև նույնիսկ այս անմխիթար պայմաններում մարդիկ «բոյ են տալիս»: Իրադրությունը զուտ ծայրահեղ ծանր գնահատելով անհնար է հստակ նկարագրել այն վիճակը, որում այս պահին մեր հայրենակիցներն են»,- գրել է պատգամավորը։

9:44

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջագային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։

9:05

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել