Պեսկովն Ադրբեջանի ագրեսիան անվանել է «դե յուրե իր տարածքում գործողություններ»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ասել է, որ «խոսքը դե յուրե Ադրբեջանի տարածքում գործողությունների մասին է»։

Լրագրողները Պեսկովին հարցրել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին, որը Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։

«Մենք չենք ընդունում մեր հասցեին նման նախատինքները, հատկապես հայկական կողմի՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու պաշտոնական որոշումից հետո: Դե յուրե հիմա խոսքը գնում է Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին իր տարածքում, հետևաբար՝ նման մեղադրանքները մեր դեմ բացարձակապես անհիմն են»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Կրեմլը սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը։

«Մենք սպասում ենք նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հարցին, թե արդյոք նման խոսակցություն կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նա պատասխանել է. «Դեռ ոչ, աշխատանքային մակարդակով շփումները շարունակվում են, անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող է նաև լինել նման խոսակցություն»։

Սեպտեմբերի 19-ի կեսօրին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ այն անվանելով «հակաահաբեկչական գործողություն», պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը դա համարեցին «էթնիկ զտում»։ Ստեփանակերտը և Արցախի այլ բնակավայրերը ենթարկվել են զանգվածային հրետանային և հրթիռային հարձակման, կան տասնյակ զոհեր, 200-ից ավելի վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։

Մեկնաբանել