ՍիվիլՆեթի Արցախի թիմի մասին

Ձախից աջ՝ Հասմիկը, Անին, Հայկը և Սիրանուշը։ Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի, 2022-ի հուլիս։

Սիրանուշի հետ երեք օր կապ չունեինք։ Նա Ստեփանակերտից գնացել էր իրենց գյուղ՝ Կարմիր Շուկա՝ Ադրբեջանի հարձակման նախօրեին։ Տառացիորեն այս տողերը գրելիս զանգեց։ Վատ էր լսվում։ Արցախի շրջաններում բջջային ցանցերը հարձակումից հետո խափանվել են։ Կապ գրեթե չկա։

Սիրանուշն ասում էր՝ ինքն ու ընտանիքը ողջ-առողջ են, կողքի գյուղ են տեղափոխվել։ Կարմիր Շուկան Արցախի ամենամեծ և բարեբեր գյուղերից է։ Մարդիկ ամբողջությամբ տարհանվել են գյուղից՝ ով որտեղ կարողացել է։ Ստեփանակերտ եկող ճանապարհն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Չեն կարող գալ քաղաք։

Տե՛ս՝ Կարմիր Շուկա․ քույրս դպրոցից տուն էր գալիս, երբ հրետակոծությունը սկսվեց

Հասմիկը Արցախի հյուսիսային Վաղուհաս գյուղից է։ Ադրբեջանցիները գյուղը գրավել են։ Մեծ գյուղ է։ Մարդիկ ամբողջությամբ տարհանվել են։ Վառելիք չկա, տրանսպորտ չկա։ Շատերը տասնյակ կիլոմետրեր ոտքով են անցել։

Հասմիկի եղբայրը զինծառայող է։ Երեք օր լուր չկար։ Վերջապես լուր եկավ։ Ողջ-առողջ է։

Սիրանուշն ու Հասմիկը ՍիվիլՆեթի Ստեփանակերտի թիմից են։

Նրանց մյուս թիմակիցը 17-ամյա Անին է, թիմի ամենաերիտասարդ աշխատողը՝ ԹՈՒՄՈ-ի սան։ Անիին գտանք ու աշխատանքի ընդունեցինք, երբ ՍիվիլՆեթը անցյալ տարի ԹՈՒՄՈ Ստեփանակերտի հետ կրթական ծրագիր էր անում։ Երևանում ընդունվել է համալսարան։ Չէր կարողանում գալ։ Տասն օր առաջ Կարմիր խաչի միջոցով վերջապես հասավ։ Ռեժիսուրա է ուսանելու։ Արդեն աշխատում է Երևանի մեր գրասենյակում։

Հայկը ՍիվիլՆեթի արցախյան թիմի ավագն է։ Սիրում է հետաքննություններ անել։ Բայց շրջափակումը, իսկ վերջին մի քանի օրերին արդեն պատերազմը թույլ չեն տալիս «շեղվել» ուրիշ բաների վրա։

Հայկի մայրը մահացավ շրջափակման ժամանակ։ Ծանր հիվանդ էր։ Չգիտեմ՝ դեղերն ինչպես էին հասցնում կամ ընդհանրապես կարողանում էին դեղ ճարել։

Հեռվում՝ Կարմիր Շուկա գյուղը։ Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի, 2022-ի հուլիս։

Ասել, որ այս երիտասարդները դժվարություններ ունեն, նշանակում է չասել ոչինչ։ Ամեն օր ծանր տեխնիկան ուսներին կիլոմետրերով քայլում են ինչ-որ բան նկարելու համար։ Տրանսպորտ վաղուց չկա։

Կյանքը սարսափելի է դարձել Արցախում։ Եվ սարսափելի սուղ ու թանկ։ Մեր երեխեքը որևէ անգամ աշխատավարձի թեմա չեն արծարծել մեզ հետ։

60-հազարանոց Ստեփանակերտը 2020-ի պատերազմից հետո արդեն լուրջ խնդիր ուներ Հադրութի ու Շուշիի տեղահանվածներին տեղավորելու։ Հիմա Արցախի մյուս շրջաններից քաղաք է եկել ևս մոտ տասը հազար հոգի։ Տխուր պատկեր է։ Շատերը փողոցներում են անցկացնում։

Հպարտ ու հյուրընկալ արցախցին դարձել է գաղթական՝ առանց անգամ գաղթելու իրավունքի ու հնարավորության․ բոլոր ճանապարհները փակ են։

Հայկը Ֆեյսբուքում գրել է, ասում է՝ մի քանի հոգու կարող է հյուրընկալել իր տանը։

Բայց ամենատխուր պատկերները փողոցներում չեն։

Մեր երիտասարդ ու կենսախինդ թիմը, որ պիտի կյանքի ու շարունակության մասին նյութեր պատրաստեր, զօրուգիշեր տառապանքի ու մահվան մասին է պատմում արդեն տասը ամիս։

Հացի հերթ Ստեփանակերտի քաղաքապետարանի մոտ։ 21-ը սեպտեմբերի, 2023։

Հարյուրավոր զոհեր, անհայտ կորածներ ու վիրավորներ։

Հիվանդանոցներում տեղ չկա։ Դեղ չկա։ Սնունդ չկա։ Լույս չկա։ Հույս չկա։

Դիահերձարանները լի են մարմիններով։ Լեփ-լեցուն սառնարանները կիսատ-պռատ են աշխատում․ էլեկտրաէներգիա չկա։ Մարմիններն այնքան շատ են, որ Մարտունիում, օրինակ, սպորտ-դահլիճում են դասավորել։

Բազմաթիվ մարմիններ էլ դեռ դաշտերում ու սարերում են՝ անհասանելի։

Հարյուրավոր ընտանիքներ օրերով լուր չունեն իրենց զինծառայող որդիներից, եղբայրներից ու հայրերից։

Արցախը սարսափելի ողբերգության միջով է անցնում՝ չակերտավոր քաղաքակիրթ աշխարհի խրոխտ կոչերի ու անձեռնհաս Մայր Հայաստանի անտարբերության ներքո։

Մղձավանջը չունի սկիզբ ու վերջ։

Չափից ավելի է ու չափից ավելի անարդար է մեր երիտասարդ թիմի ու Արցախի ժողովրդի համար։

Մեկնաբանել