Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հարձակվել է Իսրայելի վրա․ ավելի քան 1100 զոհ՝ երկու կողմից

Հոկտեմբերի 7-ին Պաղեստինը հարձակում է գործել Իսրայելի վրա։ Պաղեստինյան կողմը Գազայի հատվածից հազարավոր հրթիռներ է արձակել, ինչպես նաև Իսրայելի տարածք է ներթափանցել ցամաքով, ծովով և օդով։ Ի պատասխան՝ Իսրայելը սկսել է հրթիռակոծել Գազայի հատվածը։

Իսրայելական բանակի տվյալներով հոկտեմբերի 9-ի դրությամբ զոհվել է ավելի քան 700 իսրայելցի, վիրավորվել՝ 2 150 մարդ։ Պաղեստինյան իշխանությունները հայտնում են, որ Գազայի հատվածում պատասխան հարվածների հետևանքով զոհվել է 413 մարդ, վիրավորվել՝ 2 300-ը։

Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան: Հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը արաբա-իսրայելական ավելի մեծ հակամարտության բաղկացուցիչն է, շարունակվում է 20-րդ դարի կեսերից մինչ օրս` հանդիսանալով Մերձավոր Արևելքում անկայունության աղբյուրներից մեկը:

Մեկնաբանել