Արցախյան աղետի գլխավոր պատասխանատուն

Արցախի ամբողջական կորստից հետո Հայաստանում մեղավորների փնտրտուք է սկսվել։ Իշխանական քարոզչամեքենայի հիմնական նպատակն այս փուլում աղետի ամբողջ մեղքը Արցախի իշխող վերնախավի վրա բարդելն է դարձել։ Ընդհանուր առմամբ, Փաշինյանի իշխանության համար այս պահվածքը սիմպտոմատիկ է։ ՔՊ-ական վերնախավը նման պահվածք էր դրսևորում նաև 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, երբ ինչ-որ փուլից սկսեց պարտության մեջ սեփական դերն ու պատասխանատվության աստիճանը մաքրագրելու փորձեր կատարել՝ որդեգրելով տարատեսակ հին ու նոր քարոզչական պատումներ։

Անշուշտ, պետք է արձանագրել, որ վերջին շաբաթներին տեղի ունեցած ազգային աղետի մեջ Արցախի գործող ու նախկին իշխանությունների դերը չափազանց մեծ է։ Լեռնային Ղարաբաղի քաղաքական վերնախավը վերջին մեկ տարվա ընթացքում, կանգնած լինելով գոյաբանական վտանգի առջև, հիմնականում զբաղված էր ներքաղաքական ինտրիգներով։ Կադրային մի շարք անհաջող նշանակումների պատճառով Արցախը չէր կարողացել հավուր պատշաճի պատրաստվել Ադրբեջանի տասնամսյա շրջափակմանը։

Քաղաքական էլիտայի՝ իրականությունից կտրված լինելը ևս նպաստել է ազգային այս աղետի մոտեցմանը։ Անիրատեսական կարմիր գծերի սահմանումը, այդ կարմիր գծերի ներքաղաքական նպատակներով օգտագործումը է՛լ ավելի բարդացրին արդեն իսկ ծանր իրավիճակը։ Արցախյան քաղաքական դասի մի մասի կույր և անիրատեսական ակնկալիքները Ռուսաստանից նպաստեցին այնպիսի գործողությունների իրականացման, որոնք միայն սրեցին իրավիճակը։

Խոսքը, մասնավորապես, սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած զարգացումների մասին է, որոնց արդյունքում Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, և ԼՂՀ խորհրդարանը նախագահի պաշտոնում ընտրեց Սամվել Շահրամանյանին։ Սա մեծ հաշվով արագացրեց այն սցենարը, որը կյանքի կոչվեց սեպտեմբերի 19-ին ու հաջորդած օրերի ընթացքում։

Տարակուսելի էին նաև Արցախի նոր իշխանությունների գործողությունները մեկօրյա պատերազմի ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում։ Այդ օրերին Արցախում պետական համակարգի կոլապսը ողբերգական հետևանքներ ունեցավ։

Արցախից բնակչության քաոսային ու անկազմակերպ փախուստը, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի ամբողջ պատասխանատվությունը ԼՂՀ իշխանությունների վրա է։ Պետության կողմից մինիմալ հանրային հաղորդակցության առկայության դեպքում վստահաբար հնարավոր էր կանխել այդ աղետալի իրադարձությունները։

Իրավիճակի լրջության ու առկա իրողությունների սթափ գնահատման պարագայում միգուցե հնարավոր էր խուսափել նաև ռազմական բախումից՝ ամբողջովին ընդունելով Ադրբեջանի պահանջներն ու հումանիտար միջանցք խնդրելով բնակչության համար։ Այսինքն, կարելի էր ունենալ նույն քաղաքական արդյունքը՝ առանց մարդկային մեծ կորուստների։

Այնուամենայնիվ, քաղաքական այս արդյունքից խուսափելը ստեղծված պայմաններում գրեթե հնարավոր չէր։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում ուներ առավելապաշտական օրակարգ, որը որևէ պարագայում չափազանց դժվար էր մեղմել։ Միակ փոքր հնարավորությունը թերևս արևմտյան ներգրավվածությամբ Բաքվից որոշակի փոխզիջումների հասնելն էր, սակայն Ադրբեջանը հմտորեն օգտագործեց Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առկա մրցակցությունը՝ իր համար առավելագույնը ստանալու համար։ Մոսկվան ինչ-որ պահից սկսած պարզապես ընդունեց Բաքվի բոլոր պահանջները։ Ադրբեջանը օգտագործեց Ռուսաստանի հետ այդ համաձայնությունը արևմտյան բոլոր ջանքերը զրոյացնելու համար։ Դրանից հետո որևէ այլ քաղաքական արդյունք պարզապես հնարավոր չէր։

Իսկ քաղաքական այդ արդյունքի հիմնական պատճառներից մեկը վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն էր։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ Լեռնային Ղարաբաղից «ձեռքերը լվանալու» ու «մասը զոհաբերելով՝ ամբողջը փրկելու» քաղաքականության վերջնարդյունքը Արցախի ամբողջական էթնիկ զտումն էր լինելու։

Երևանը, գիտակցաբար դիստանցավորվելով ղարաբաղյան խնդրից, այն ամբողջապես դարձրեց ռուս-ադրբեջանական պայմանավորավածությունների հարթության մեջ լուծվող հարց։

Հայաստանի իշխանությունների միակողմանի բազմաթիվ զիջումները ոչ միայն լեգիտիմացրին Ադրբեջանի առավելապաշտական գործողությունները, այլև փոխեցին հակամարտության վերաբերյալ միջազգային ընկալումները։

Սեպտեմբերի 19-ից առաջ ձևավորված անմխիթար իրավիճակը մեծապես ՀՀ կառավարության գործունեության հետևանքն էր։

Այդ առումով Լեռնային Ղարաբաղում առկա քաղաքական արդյունքի հարցում սլաքները ուրիշների վրա ուղղելու իշխանական ջանքերը ապարդյուն են։ Այս կառավարությունը այդ արդյունքի գլխավոր պատասխանատուն է և պատմության մեջ մնալու է որպես այդպիսին։ Սա բնավ չի նշանակում, որ այդ վերջնարդյունքին նպաստած մյուս դերակատարները չպետք է պատասխանատվության ենթարկվեն։

Մեկնաբանել