Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդյոք Ռուսաստանին վերապահվե՞լ է վերահսկողության հնարավորություն

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությամբ որևէ երրորդ ուժի Հայաստանի տարածքի նկատմամբ վերահսկողության իրավունք չի տրվել։ Փաշինյանն ադրադարձել է տարածաշրջանի կոմունիկացների բացման հարցին՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ և շահագրգռված է բացել դրանք Ադրբեջանի և Թուրքիայի համար։

«Այո, պատրաստ ենք և ինչպես արձանագրվել է՝ դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ, օրինակ, ոչ մի երրորդ ուժ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն պետք է չունենա»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ սահմանները հատելու ժամանակ պետք է գործեն Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մաքսային ծառայությունները՝ ՀՀ իրավազորության հիման վրա։

Փաշինյանն այնուհետև խոսել է տարածվող պնդումների մասին, թե եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնությունը։

«Ես ասում եմ՝ եռակողմ հայտարարության մեջ այդպիսի բան գրված չէ։ Դա հրապակային փաստաթուղթ է, եկեք կարդանք։ Ընդհակառակը՝ գրված է, որ անվտանգությունը երաշխավորվում է Հայաստանի կողմից»,- պնդել է Փաշինյանը։

Ի՞նչ էր նախատեսում եռակողմ հայտարարությունը

2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության մեջ անդրադարձ կար նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Մասնավորապես, դրա մասին խոսվում էր 9-րդ կետում։

«9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Ինչպես կարդում ենք՝ իսկապես այդ տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովումը վերապահված է Հայաստանին, սակայն նշվում է նաև, որ այդ հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները։

Սակայն հայտարարության և որևէ այլ հրապարակված փաստաթղթում որևէ մանրամասն չկա, թե ինչպե՞ս է են Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները իրականացնելու վերահսկողությունը, ի՞նչ մեխանիզմներով և ի՞նչ կետերում է դա տեղի ունենալու։

ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի ճանապարհն ու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը նույն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չունեն նույն իրավական կարգավիճակը, քանի որ Լաչինի դեպքում հստակ կիրառվում է «միջանցք» տերմինը, իսկ մյուս հաղորդակցությունների դեպքում նման տերմին չի օգտագործվում։ Սակայն հատկանշական է, որ եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքին վերաբերող 6-րդ կետի մեջ ևս Ռուսաստանի խաղաղ զորակազմին վերահապահվում էր միջանցքի վերահսկողությունը։ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։

Մինչդեռ, Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի դեպքում՝ ՌԴ-ին նախատեսվում է վերահսկողություն՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ։

2020-ի պատերազմից հետո ռուս խաղաղապահներն անցակետեր էին տեղադրել Լաչինի միջանցքում՝ ապահովելով դրանով երթևեկողների անվտանգությունն ու ստուգելով նրանց անձնագրերը։ Գրանցվել են դեպքեր, երբ, օրինակ, ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ՀՀ ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Նրանք արգելել էին նաև օտարերկրյա լրագրողների մուտքն Արցախ։

Ռուս խաղաղապահների անցակետերը՝ Լաչինի միջանցքում

Ռուս խաղաղապահները որևէ կերպ չմիջամտեցին, երբ Ադրբեջանը նախաձեռնեց սահմանային անցակետի տեղադրում Հակարիի կամրջի վրա՝ Լաչինի միջանքից մոտ, այդպիսով վերահսկելով Լեռանային Ղարաբաղ մուտք ու ելք գործող անձանց, ինչպես նաև բեռնափոխադրումների հոսքը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեցինք՝ այս երկու ճանապարհները եռակողմ հայտարարությամբ ունեն տարբեր իրավական կարգավիճակ և Լաչինի դեպքում հստակ նշվում է, որ այն միջանցք է (արտատարածքային տրամաբանությամբ), որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, մինչդեռ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին հոդվածում նախատեսվում է ռուսական սահմանապահ ծառայության վերահսկողությունը տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ։

Վերահսկողության շրջանակներն անհայտ են

Ադրբեջանական կողմը պարբերաբար պնդում է, թե Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժի հանդեպ վերահսկողությունը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան, իրականացնելու են Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները։

Սակայն հայկական կողմն արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե ապաշրջափակված ճանապարհների և՛ անվտանգությունը, և՛ վերահսկողությունն իրականացնելու է միայն ՀՀ-ն։

Անվտանգության խորհորդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այս տարվա հունիսի 4-ին հայտնել էր. «Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են ՀՀ ծառայությունների կողմից։ Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, կարծում եմ՝ դա ի գիտություն են ընդունել, և հույս ունենք այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս գործընկերները»։

Հատկանշական է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո ստեղծված ճանապարհները գտնվելու են այն երկրի իրավասության ներքո, որով դրանք անցնում են։

«Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի (Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուիղ-խմբ.) առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը»,-2023-ի հունիսի 19-ին հայտարարել էր Օվերչուկը։

Մեկ այլ հարցազրույցում ճշտող հարցին, թե արդյոք քննարկվել է վերահսկողության, անվտանգության ապահովման նպատակով ՌԴ ԱԴԾ աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը, Օվերչուկը պատասխանել էր, որ դա կախված է Հայաստանի Հանրապետությունից:

Փաստորեն մի կողմից հարց է, թե արդյոք ՌԴ-ն ճանապարհների վրա կստանա որևէ վերահսկողության հնարավորություն, մյուս կողմից՝ եթե ստանա, ապա ինչպես են լինելու դրա մեխանիզմները։

Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, օրինակ, պնդում է, որ հայ և ռուս սահմանապահները պետք է հսկեն «ոչ թե մեզ, այլ պարտավորությունը»։

«Ինչ վերաբերում է ռուսական կողմի կամ նոյեմեբրի 9-ի փաստաթղթին, ապա այն ժամանակվա պայամանվորվածության տրամադրվածությունը հետևյալն է. հայկական կողմը հնարավորություն է տալիս Ադրբեջանին կապվել Նախիջևանի հետ, իսկ ռուսական կողմը մեր ստանձնած պարտավորությունը պետք է որևէ ձևով հսկի, որի մեխնաիզմները տարբեր են: Դրանց վերաբերյալ վերջնական որևէ պայմանավորվածություն այսօր չկա, այդ պատճառով էլ տարբեր հայտարարութուններ են հնչում»,- նշել է նա։

Մեկնաբանել