Հանրային ծառայողների համար 1 000 բնակարան կկառուցվի

Խոշոր կառուցապատող «ՄԼ մայնինգ» ընկերությունը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 42/5 հասցեում նախատեսում է բազմաբնակարան համալիր կառուցել։ Համալիրի 1 000 բնակարաններ կհատկացվեն հանրային ծառայողներին։ Վաճառքի կարգը հաստատելու նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 19-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորման՝ ծրագրի իրականացման առաջին փուլում բնակարաններ կստանան 700 հանրային ծառայողներ, իսկ երկրորդ փուլում՝ ևս 300-ը։ Հանրային ծառայողների համար կկառուցվի նաև 700 ավտոկայանատեղիներ։ Հանրային ծառայողներին բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսի վաճառքն առանց ներքին հարդարման կկազմի 364 000 դրամ, իսկ ներքին հարդարմամբ՝ 414 000 դրամ։

Բնակարանների համար վարկավորվող անձինք պարտավորվում են 10 տոկոս կանխավճար վճարել բնակարանի, 20 տոկոս՝ ավտոկայանատեղիի համար։ Կառավարության որոշման ընդունումից հետո Քաղաքաշինության կոմիտեն կազմելու է բնակարանների հավակնորդների ցանկ, որին հաջորդելու է վիճակահաություն։ Վիճակահանությանը չեն մասնակցում այն հավակնորդները, որոնց ընտանիքի անդամը զոհվել է 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների ժամանակ։ Նրանց հետ կնքվում է գնման իրավունքի վաճառքի պայմանագիր։

Մեկնաբանել